Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Անդառնալի կորստի համար Երևանի պետական համալսարանը ցավակցում է Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն:
Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնցում մանրամասնորեն ուսումնասիրել է հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերը:
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:
Մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման գործում: 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ համալսարանի համագործակցությանը:.
Աղբյուրը՝ ysu.am:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Ա. Հ. Սիմոնյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, Աստված հոգին լուսավորի…