2022թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերություններ:
Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման մասնագետ Անի Ենգիբարյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի ֆոնդային բորսան, խոսեց շրջանառվող ֆինանսական գործիքների տեսակների և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջների մասին: Այնուհետև Շուկայական գործառնությունների և սպասարկման դեպարտամենտի ղեկավար Լևոն Մովսիսյանն ուսանողների հետ խոսեց ֆինանսական գործիքների առանձնահատկությունների, իրականացվող գործառնությունների տեսակների, առևտրի ծավալների մասին: Ուսանողները տեղեկացան տարածաշրջանում կարևորություն ունեցող Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացման հնարավորությունների և որպես ֆիզիկական անձ ֆինանսական շուկայում հնարավոր ներդրումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Մասնակիցները հետաքրքվեցին կազմակերպությունում աշխատելու հնարավորությամբ, որի մասին բազմիցս շեշտեցին ընկերության աշխատակիցները:
Հանդիպման վերջում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից ստացան ոգևորող նվերներ:
«Ամունդի Ակբա Ասսեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչ Անուշ Ամիրջանյանը ուսանողների հետ խոսեց ընկերության հիմնադիր կազմակերպությունների և հատկապես աշխարհում առաջատար դեր ունեցող Ամունդի ընկերության մասին: Այնուհետև ներկայացրեց ՀՀ-ում գործող կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները, խոսեց գործող ֆոնդերում կատարվող ներդրումների կառուցվածքի և յուրաքանչյուր ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ՝ նշելով երկարաժամկետ ներդրումների կարևորությունը: Որպես կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ՝ ուսանողները հնարավորություն ստացան հաշվարկելու իրենց ապագա կենսաթոշակի չափը: Ապագա մասնագետները դասընթացավարի հետ ակտիվ քննարկում ծավալեցին օրենսդրական փոփոխությունների մասին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: