- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կանանց տոնին նվիրված ցուցահանդես մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ընթացիկ աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Կանանց տոնին:
Այս գեղեցիկ տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու և մեծարելու բնության գլուխգործոցներից մեկին՝ Կնոջը, և երկրի վրա Աստծո կատարելության լավագույն արտահայտությանը՝ Մայր էակին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը՝ շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնը, կարևորելով ցուցահանդեսի դերն ու նշանակությունը ուսանողների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների զարգացման հարցում:
Ցուցահանդեսում ընդգրկված էին 23 ուսանողների 124 աշխատանքներ, որոնց ընտրության հարցում մեծ ներդրում է ունեցել Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Հ.Ասատրյանը:
Ներկայացված աշխատանքները բազմաբնույթ ու բազմաժանր էին՝ գոբելեն (ասեղային, հաշվարկային և ավանդական), հանգուցավոր բատիկա, դաջազարդում, կարպետագործություն, գծանկար, գեղանկար և այլն:
«Կիրառական արվեստ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ռևազյանի խոսքով՝ ցուցահանդեսն իրենց հնարավորություն է տվել համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ նշել Մայրության և գեղեցկության տոնը ու միաժամանակ հանրությանը ներկայացնել տվյալ թեմատիկայով իրենց ստեղծած աշխատանքները, որոնցում յուրօրինակ կերպով համադրվել են ավանդական և ժամանակակից մշակութային տարրերը:
Նույն կուրսի ուսանողուհի Մարիամ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ներկայացրած աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել ոչ միայն դրանց դեկորատիվ կողմի, այլև կիրառական նշանակության վրա. այդպիսիք են, օրինակ, ցուցադրված պայուսակը և գոտին՝ ստեղծված ավանդական կարպետային զարդանախշերով:
Պայծառ ու տաքուկ գույներով փայլող ցուցահանդեսն այցելուներին պատճառեց գեղագիտական հաճույք, նրանց համակեց գարնանային թարմ տրամադրությամբ և գեղեցկության շնչով: