- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:
Օրակարգային առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021-2022 ուստարվա բակալավրի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման II կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, Ա.Դավթյանը և Ա.Մարգարյանը:
Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի hեռակա ուսուցման բակալավրի ուսումնական պարապմունքները սկսվել են մարտի 1-ից, նախապես կազմվել են դասացուցակները, դրանք վերանայվել են Ուսումնամեթոդական վարչության կողմից և տեղադրվել ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում, այդ մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Հեռակա ուսուցման առաջին կիսամյակի լուծարքային շրջանը ևս սկսվել է մարտի 1-ից:
2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի բոլոր կրթական մոդուլների բեռնվածությունները վերանայվել են: Թեզերի թեմաները քննարկման փուլում են: Մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի դասերը սկսվելու են մարտի 15-ից: Դասացուցակն արդեն պատրաստ է, դասերն իրականացվելու են համակցված (առկա և առցանց) մեթոդով:
Ա.Մակարյանը ՈՒՄՎ-ին հանձնարարեց մեկ անգամ ևս ստուգել ներկայացված դասացուցակները՝ ճշտելու համապատասխանությունը ուսումնական բեռնվածություններին և բացառելու ծածկումները:
Որոշվեց՝ զեկուցողների հաղորդումներն ընդունել ի գիտություն:
Երկրորդ հարցի՝ բակալավրական ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգում ամրագրված ժամկետների համաձայն՝ ուսանողներն ընտրել են ավարտական աշխատանքների թեմաները, դրանց կատարումն ընթացքի մեջ է: Առկա ուսուցման համակարգի ուսանողները հանդիպումներ են ունեցել ավարտական աշխատանքների ղեկավարների հետ, ստացել են գրականության ցանկը և պլանը։ Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողները ստացել են իրենց թեմաները, սակայն ոչ բոլոր ուսանողներն են հանդիպել ղեկավարների հետ՝ ստանալու ցուցումներ, պլան և այլն, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել:
Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական աշխատանքների կատարման ընթացքին՝ առաջնորդվելով ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով:
Երրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաների մասին հաշվետվություն ներկայացրեց ՈՒՄՎ մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 16 պրակտիկա (չորս ուսումնական - 3՝ առկա, 1՝ հեռակա, վեց արտադրական (մանկավարժական) - 4՝ առկա, 2՝ հեռակա, հինգ արտադրական - 1՝ առկա, 4՝ հեռակա, մեկ գիտամանկավարժական - հեռակա)։
Ուսանողների պրակտիկայի կազմակերպման համար հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է 10 հուշագիր, 1 համաձայնագիր և 33 պայմանագիր, որոնցից 2 պայմանագիր (Իջևանի Սպ. Սարգսյանի անվան N1 հիմնական դպրոց, Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան N5 հիմնական դպրոց) և 2 հուշագիր (ՀՀ կենտրոնական բանկ, «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն) ստորագրվել են 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում:
Պրակտիկաները կազմակերպվել են նախապես բաժին ներկայացված ծրագրերի համաձայն՝ առկա եղանակով, առկա և առցանց ձևերի համադրմամբ:
Ընդհանուր առմամբ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պրակտիկա է կազմակերպվել 239 ուսանողի համար (առկա ուսուցման 87 ուսանողի համար, հեռակա ուսուցման՝ 152): Ըստ արդյունքների` արտադրական պրակտիկայից մեկ ուսանող ստացել է չստուգված և կարգի համաձայն՝ հեռացվել է մասնաճյուղից, ակադեմիական պարտք է կուտակել 2 ուսանող:
Որոշվեց՝ զեկուցողի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի 2021-22 ուստարվա բակալավրի առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանի ամփոփմանը և լուծարքային շրջանի կազմակերպմանը: Զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, Ա.Դավթյանը և Ն.Առուշանյանը:
Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցման քննաշրջաններն անցկացվել են ըստ հաստատված ժամանակացույցների, խախտումներ չեն արձանագրվել։ Հեռակա ուսուցման քննաշրջանն ավարտվել է փետրվարի 26-ին, քննաշրջանի արդյունքների համաձայն՝ 597 ուսանողներից պարտք ունի 350-ը, դրական է ստացել 176 ուսանող, առաջադիմությունը կազմում է 29.4%:
ԵՊՀ ԻՄ-ի 2021-22 ուստարվա բակալավրի առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանը ևս ավարտվել է փետրվարի 26-ին։ Քննաշրջանի արդյունքում մասնաճյուղից հեռացման է ներկայացվել 3 և կրեդիտներ է կուտակել 6 ուսանող:
Որոշվեց՝ զեկուցողների հաղորդումներն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ առաջին հարցի՝ 2022թ. բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ Բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման 2021-2022 թթ. երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցի համաձայն՝ մինչև մեկ շաբաթը (մարտի 2-9-ը) պետք է ներկայացնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին: Ա.Մակարյանն ընդգծեց, որ այդ հարցում դեկաններն առաջնորդվեն «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգ»-ով: Նրանց ուշադրությունը հրավիրեց կարգի III կետի 7-րդ դրույթի վրա, որի համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ կարող է լինել համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և/կամ կոչում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երեք տարիների ընթացքում չեն եղել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:
Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին ամբիոններում քննարկել և մեկ շաբաթվա ընթացքում տնօրենությանը ներկայացնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:
Ընթացիկ երկրորդ հարցի՝ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի ամփոփման մասին զեկուցեց ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը: Նա նշեց, որ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում եղել է 12 կրեդիտ կուտակած 30 ուսանող, որոնցից 1-ը առկա ուսուցման համակարգից է, 29-ը՝ հեռակա: Նրանք իրենց դիմումները պետք է ներկայացնեին փետրվարի 15-28-ը ժամանակահատվածում: 30 ուսանողից 12-ը կրեդիտներ է կուտակել նախորդ կիսամյակներից, իսկ 18 ուսանող՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսմայակից, ովքեր դիմել են ակադեմիական պարտքերը մարելու համար: Առկա ուսուցման համակարգի 1 ուսանող դիմել և պարտքերը մարել է։ Հեռակա ուսուցման 4 ուսանող չի մարել ակադեմիական պարտքերը, ստացել է անբավարար, իսկ 3 ուսանող չի ներկայացել քննություններին։
Ակադեմիական անբավարար առաջադիմության և կիսամյակի ուսման վարձը չմուծելու պատճառով առկա համակարգի 3 ուսանող ենթակա է հեռացման:
Որոշվեց՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի II մասի 3 կետի պահանջներին համապատասխան՝ առկա ուսուցման համակարգի 3 ուսանողի հեռացնել ԵՊՀ ԻՄ-ից:
Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին դարձյալ զեկուցեց Ն.Առուշանյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 6 ուսանող դիմել է ուսանողական իրավունքները վերականգնելու համար:
Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:
Որոշվեց՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 6 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները: