- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառում մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով:
Ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ և հյուրեր:
Գրքերի ցուցադրության առաջին պլանում ներկայացված ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների վերջին տարիների հրատարակությունները հույս էին ներշնչում, որ հետագայում ևս մեր գիտական ներուժը ոչ միայն լավագույնս կծառայի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, այլև կնպաստի հանրապետության գիտամշակութային կյանքի զարգացմանը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գիրքը մեր առօրյայի անբաժան մասն է, և գիրք նվիրելը՝ ամենաանկեղծ ու նվիրական առաքելությունը: Գրքի մշակույթը մարդկային հասարակության զարգացման լավագույն ցուցիչն է, և յուրաքանչյուրս պետք է առնչվենք, արժևորենք գիրքն ու ընթերցողին: Եթե գիրքը մտավոր հիմնասյուն է, ապա ընթերցողն էլ այն իրականություն դարձնողն է»:
Գիրք նվիրելու օրվա առթիվ համալսարանականներին շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մարդն ու գիրքն օրգանական միասնություն են, և գրքի դերը մեր հասարակության մեջ, համալսարանական միջավայրում անփոխարինելի է: Ուրախությամբ անդրադառնալով ցուցադրված երկերին, որոնք ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների հեղինակած գրքերն էին, արտահայտեց մասնաճյուղի ղեկավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նոր գրքերի ստեղծման, դրանց լույսընծայման գործում: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին աջակցություն ցուցաբերած, գրքեր նվիրաբերած բոլոր անհատներին, հիմնարկություններին ու աշխատակիցներին:
Տնօրենության անունից շնորհակալագրեր փոխանցվեցին մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարած ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին՝ Ա.Սարհատյանին, Ա.Հասանյանին, Գ.Առուշանյանին, Վ.Ավագյանին, Ռ.Աղուզումցյանին, Ս.Դավթյանին, Ա.Հովհաննիսյանին:
ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մ.Զուրաբյանը իր և կենտրոնի կողմից գրքեր նվիրեց ներկաներին ու գրադարանին և նշեց, որ կենտրոնի նվիրատվությունները մասնաճյուղի գրադարանին կկրեն շարունակական բնույթ:
Գրքերին ձոնված տաղի «Օ՜, գրքերի աշխարհը - տիեզերք է անեզր…» չարենցյան տողով, գրքերի հանդեպ իր բուռն սիրով ներկաներին տոնի առթիվ շնորհավորեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ ընդգծելով գրքերի անփոխարինելի դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում և միջոցառման մասնակիցներին գրադարանի ֆոնդից նվիրելով գրքեր:
Վերջում իրենց դասախոսների հեղինակած գրքերն ուսանողները ստացան նվեր: