- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կարինե Պողոսյանի հետ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
-Տիկի՛ն Պողոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:
-Իմ համալսարանական գործունեությունն սկսվել է 1998 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր սկսնակի համար նոր միջավայրում իր տեղը գտնելը հեշտ չի տրվում և ժամանակ է պահանջում, սակայն լուրջ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի:
-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:
-Ամենադժվար ժամանակահատվածն աշխատանքային գործունեության սկիզբն է եղել, որովհետև հարկավոր էր հարմարվել նոր կարգավիճակին, ճիշտ փոխհարաբերություններ ձևավորել մի կողմից գործընկերների, մյուս կողմից՝ ուսանողության հետ, բացի այդ՝ կայանալ մասնագիտական առումով:
-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:
-Ինչ-որ առանձնահատուկ պատմություն չեմ հիշում, միայն նշեմ, որ բավական ժամանակ մեր գործընկերներից ոմանք ինձ շփոթում էին ուսանողի հետ:
-Տիկի՛ն Պողոսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Տարբեր տարիքներում առանձին նախասիրություններ են ընդգծվել, բայց երաժշտության նկատմամբ սերն ու ընթերցանությունը կայուն նախասիրություններ են:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Սիրով: Ամուսինս բժիշկ է, սակայն երեխաներս համալսարանական ուղին ընտրեցին: Ես և եղբայրներս մեր ընտանիքում համալսարանականների երրորդ սերունդն ենք: Պապս և ծնողներս ԵՊՀ-ի դասախոսներ են եղել երկար տարիներ. պատմաբան, լեզվաբան և մաթեմատիկոս: Ես ընտրել եմ հորս ուղին, եղբայրներս՝ մորս: Հիմա էլ երեխաներս են ճշգրիտ գիտության ճանապարհն ընտրել: Մաթեմատիկական գենն ավելի ուժեղ գտնվեց:
-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
-Լավատեսությունը, համբերատար ու նպատակասլաց լինելը:
-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Ընտանիքս:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:
-Հնարավորինս ազնիվ լինել բոլոր փոխհարաբերություններում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:
-Խորհուրդ կտամ սիրով և նվիրվածությամբ տրվել աշխատանքին, սեփական գործունեությամբ միշտ բարձր պահել մեր բուհի անունն ու պատիվը, արժանապատվորեն ու հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը: