- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ցուցահանդես
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հ.Համբարձումյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Ծրագրի ընթացքում վարպետության դասեր են վարել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ՝ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների միության անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները, Երևանից հրավիրված ազատ ստեղծագործող Տիգրան Բալյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից, Ջավախքից և Արցախից 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողներ, այդ թվում ՝ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ:
«Մունետիկ» մշակութային ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է 2 ամիս, բուն միջոցառումները՝ 20 օր տևողությամբ: «Նախագծի նպատակն է հայ մշակութասեր երիտասարդներին սովորեցնել մշակույթի ոլորտում նոր հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կմնան իրենց բնակավայրերում և կաշխատեն իրենց մասնագիտությամբ: Տուրիզմը զուգորդելով մշակույթի հետ, իրենց ստեղծագործությունների համար իբրև նմուշ օգտագործելով իրենց բնակավայրերի պատմամշակութային կոթողները՝ նրանք միաժամանակ կլուծեն 2 խնդիր՝ և՛ գումար կվաստակեն, և՛ մեր երկիրն արժանավայել կներկայացնեն աշխարհին: Մեր առջև դրված խնդիրը մենք կարողացել ենք լիովին լուծել, ծրագիրն իրականացրել և ավարտել ենք հավուր պատշաճի», - ընդգծեց Հ.Համբարձումյանը:
Ցուցահանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «Մունետիկ» ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Նրանք, ողջունելով ցուցահանդեսի այցելուներին ու մասնակիցներին, ընդգծեցին ծրագրի և դրա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի կարևորությունը, նպատակը, խնդիրները, ներկայացրին ցուցադրված աշխատանքները՝ գնահատելի համարելով դրանցում նկատվող որակական աճն ու զարգացումը:
Համատեղ իրականացված աշխատանքը արվեստաբան Տ.Համբարձումյանը բնութագրեց ոչ թե սոսկ որպես մասնագիտական որակների կատարելագործում և փոխհարաբերություններ, այլ որպես լուրջ մասնագիտական փոխազդեցություններ, սերունդների հաղորդակցություն, որը կտրվել է, արվեստագետների միջև առողջ հարաբերությունների ձևավորում և զարգացում, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ին և «Մունետիկ» կազմակերպությանը՝ ամուր և արդյունավետ փոխհամագործակցության համար:
Մասնակիցների կողմից նախագծի ընթացքում իրականացված բացօթյա էտյուդային աշխատանքներն արվեստանոցներում փոխակերպվել էին այլ նյութի:
Ցուցահանդեսում ներկայացվել էին տարբեր ժանրի ստեղծագործություններ՝ գեղանկարչություն, վիտրաժ, մետաքսանկարչություն (բատիկա), կոլաժ, խառը տեխնիկայով աշխատանքներ: