- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շնորհավո՛ր ՀՀ անկախության հռչակման 30-ամյակը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Այսօր 2021թ․ սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:
30 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:
Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:
Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն անցել է վերելքներով ու վայրէջքներով, ձեռքբերումների քաղցր բերկրանքով ու կորուստների դառը կսկիծով լի դժվարին ուղի։
Այսօր, առավել քան երբևէ, արդիական է չարենցյան «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հզոր պատգամին ապավինումը, որպեսզի համայն հայությամբ, միահամուռ ուժերով կարողանանք վերագտնել ինքներս մեզ, ամրապնդենք ու զորացնենք մեր պետությունն ու պետականությունը, մեր սահմանները, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով ապրենք ու արարենք Բարին, Ճշմարիտն ու Գեղեցիկը․․․
Շնորհավորում ենք անկախության 30-ամյակդ, մե՜ր Հայաստան՝ հավատալով ու ակնկալելով, որ բոլորիս ջանքերով՝
․․․Պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․