- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը՝ ի դեմս վարիչ Վ.Պողոսյանի:
Այս ամենամյա գրադարանային ֆորում-աշխատաժողովներն անցկացվում են՝ սկսած 2017 թվականից, և դրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանների պաշարների թվայնացմանը, գրադարանային հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանային իմիջի ձևավորմանը:
Մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որի նպատակն է ունենալ ավելի առաջադեմ և ինֆորմատիվ գրադարանային միջավայր, նպաստել համաշխարհային փորձի ներդրմանն ու տեղային պայմաններում հարմարեցմանը:
Հերթական աշխատաժողովի շրջանակներում հիմնական շեշտադրումը նորագույն տեխնոլոգիաների՝ մասնավորապես եռաչափ տպագրության և մոդելավորման, գրադարանային ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման և ներդրման, էլեկտրոնային ընթերցող սարքերի և թվայնացման խնդիրներն էին, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից, մոբիլ գրադարանը:
Գրադարանային ոլորտում առկա խնդիրների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ աշխատաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
Քննարկումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն ընդգծեց, որ ակադեմիական գրադարանները, որոնք ավանդաբար հանդես են եկել որպես հասարակության տեղեկատվական հիմնական աղբյուր, սպառել են իրենց ռեսուրսները՝ իրենց տեղը զիջելով գրադարանային նոր մոդելներին, որտեղ տարածքը և գրքային հարուստ պաշարների առկայությունը կարևոր է, բայց ոչ ամբողջացնող: «Հատկապես համալսարանական գրադարանների պարագայում, -նշեց Վ.Պողոսյանը, - սա նկատելի իրողություն է, քանի որ արհեստական բանականության և թվային դարաշրջանում ուսանողի նախընտրությունը ոչ թե անաղմուկ, խիստ ակադեմիական միջավայրն է, այլ արագ կերպափոխվող, բազմագործառույթ գրադարանային տարածքը, որտեղ ոչ միայն ընթերցում և աշխատում է, այլև կարողանում է զբաղվել այլ, ոչ ավանդական տեխնոլոգիական միջոցներով՝ կիրառելով լսարանային գիտելիքներն ու համաշխարհային փորձը»:
Աշխատաժողովում ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հնարավորություններին ծանոթացումը կնպաստեն գրադարանային գործառույթների ընդլայնմանն ու ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գրադարանային նոր, իննովացիոն միջավայրի ձևավորմանը: