- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, բ.գ.թ., դոցենտ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը, Արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Օֆելյա Կուրազյանը, այլ աշխատակիցներ, ուսանողներ:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, խորացնել և զարգացնել երկու բուհերի միջև համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը:
Հյուրերի պատվին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների վառ ու հետաքրքիր աշխատանքները:
Նախքան ցուցահանդեսի դիտումը համալսարանական հյուրերին իրենց ոգեշնչող ու գեղեցիկ կատարումներով ողջունեցին Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները և ուսուցիչները:
Ցուցադրված աշխատանքները դիտելուց հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների համար 19-րդ դարի ռուս գեղանկարչության վերաբերյալ հետաքրքիր ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:
Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի հետ ՇՊՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և Շիրակի պետական համալսարանի (ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե.Սերոբյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝ իրականացնելու ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպելու համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ:
Հետևելով օրվա խորհրդին (1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է որպես Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր)՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մարատ Զուրաբյանը Շիրակի պետական համլսարանին նվիրեց հեղինակային, մասնագիտական գրքեր:
Հաջորդիվ երկու համալսարանների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները և ուսանողները այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և դիտեցին պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոները:
Այնուհետև խումբը ապրիլի 24-ի նախօրեին այցելեց Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնելու հուշարձանին:
Հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին նաև Իջևանի դենդրոպարկ, որտեղ ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերի ու թփերի տեսականուն:
Շիրակի պետական համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով, փոխադարձ այցի ակնկալիքով և համագործակցության ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ: