- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:
Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Առաջին հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի հրամանը (25.02.2021, թիվ 34/80), ըստ որի՝ մարտի 15-ից ԵՊՀ-ի բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը պետք է իրականացվի առկա ձևով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մարտի 15-ից պետք է ապահովեն իրենց ստորաբաժանումների բնականոն աշխատանքը՝ պահպանելով ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոններով հաստատված աշխատաժամանակի ռեժիմը: Կորոնավիրուսային հիանդության տարածման կանխարգելման նպատակով կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումներում կիրառվող հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը պետք է վերապահվի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Ա.Մակարյանը նշեց, որ, ըստ էության, 2020թ. սեպտեմբերից ստորաբաժանումներն իրենց գործունեությունը հիմնականում իրականացնում են ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով հաստատված աշխատաժամանակով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Ինչ վերաբերում է դասերն ամբողջությամբ առկա ձևով իրականցնելուն, ապա ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետները Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ արդեն սկսել էին համապատասխան դասացուցակների կազմումը, քանի որ նախատեսված էր առկա ձևով դասերն սկսել ապրիլի 1-ից:
Այս հարցի մասին արտահայտվեցին տնօրենության անդամները: Մ.Զուրաբյանը մասնավորապես նշեց, որ մարդկանց հոսքը դեպի մասնաճյուղ բավականին մեծ է լինելու, ուստի անհրաժեշտ է առավել ուժեղացնել հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ: Բացի այդ, նախնական խոսակցությունները երևանաբնակ դասախոսների հետ ցույց են տալիս, որ կա լուրջ խնդիր դասացուցակների համաձայնեցման տեսակետից: Վերոնշյալից ելնելով՝ նա առաջարկեց դասերը սկսել մեկ շաբաթ ուշ, իսկ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերը հնարավորության դեպքում իրականացնել առցանց: Մ.Զաքարյանը նշեց, որ ապրիլին ավարտված է լինելու ավարտական 4-րդ կուրսերի դասապրոցեսը, և Երևանից եկող դասախոսների մոտ այլևս ծանրաբեռնվածության խնդիր չէր լինի, հնարավոր էր ամբողջությամբ դասերն իրականացնել առկա, սակայն մարտի 15-ից սկսելու դեպքում խնդիր է առաջանում:
Ա.Մակարյանը նշեց, որ ցանկալի կլիներ ավարտական կուրսերի դասերը կազմակերպել առկա եղանակով, բայց քանի որ կա խնդիր՝ կուտակումների և դասախոսների ծանրաբեռնվածությունների հետ կապված, ուստի նպատակահարմար է այդ կուրսերի դասերը կազմակերպել առկա և առցանց ձևերի համադրությամբ:
Որոշվեց.
Երկրորդ հարցի՝ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման վերաբերյալ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը նշեց, որ մարտի 9-ից սկսվելու են հեռակա ուսուցման դասերը: Արդեն կազմված են դասացուցակները, որոնք ներկայացվել են Ուսումնամեթոդական վարչություն, որոշակի շտկումներից հետո դրանք կհաստատվեն և կուղարկվեն դասախոսներին և ուսանողներին, կտեղադրվեն նաև ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում: Մ.Զուրաբյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակի լուծարքային շրջանը սկսվելու է մարտի 1-ից:
Հեռակա ուսուցման բաժնի մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի վերաբերյալ հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը նշեց, որ ավարտվել է առաջին կիսամյակը, 25 ուսանողներից ոչ մեկը ակադեմիական պարտք չունի, գնահատականները հիմնականում տատանվում են 14-19-ի միջակայքում, կան նաև 20 միավոր ստացած ուսանողներ: Առաջադիմությունը եղել է 100%, ունենք գերազանց (ՄՈԳ-ով) առաջադիմությամբ 13 ուսանող: Ուսման վճարներն այս պահին հիմնականում վճարված են:
Երկրորդ կիսամյակի դասացուցակն արդեն պատրաստ է՝ հարմարեցրած Zoom հարթակին, սակայն կա որոշակի շտկումների կարիք: Փետրվարի 23-ին կազմակերպվել է ուսանողների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են դասերի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր, վերհանվել են խնդիրներն ու դիտարկվել դրանց լուծման ուղիները: Նախատեսվում է մարտի 3-ին իրականացնել հանդիպում մագիստրոսական թեզերի ղեկավարների հետ՝ թեզի պատրաստման և գնահատման կարգը քննարկելու նպատակով:
Որոշվեց՝ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսել՝ համաձայն նախատեսված ժամանակացույցների:
Ընթացիկ հարցերից էր ուսանողական իրավունքների վերականգնման մասին հարցը, որի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Պավել Մհերի Զուրաբյանը դիմել է 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում համապատասխան մասնագիտությամբ իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:
Որոշվեց՝ վերոնշյալ կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանող Պավել Մհերի Զուրաբյանի ուսանողական իրավունքները 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում:
ԱԿԻԱ բաժնի վարիչի պաշտոնակատար Վ.Եգանյանը նշեց, որ ՈՒՄՎ աշխատակիցները դիմել են ԱԿԻԱ բաժնին՝ աշխատաժամանակի վերաբերյալ տրամադրելու մանրամասն տեղեկատվություն՝ ըստ իրենց դրույքաչափերի:
Իրավախորհրդատու Ն.Նազարյանը նշեց, որ աշխատանքային օրենսգրքի և մասնաճյուղի կանոնադրության ու ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ միայն տոն և հիշատակի օրերի նախօրյակին է թույլատրվում աշխատանքն ավարտել մեկ ժամ շուտ, ազատ օրերին նախորդող օրն աշխատանքն իրականացվում է ամբողջական աշխատաժամանակով:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի բոլոր աշխատակիցներին տրամադրել իրենց աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ իրենց դրույքաչափերի: