2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:
Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:
Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:
Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:
Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:
Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.
- «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
- «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
- «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
- «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
- «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:
Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:
Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:
Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:
Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: