2020թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

 

Ջ.Միլիների հետ հանդիպմանը ներկա էին Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու Ա.Մարդանյանը, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ։

 

Մասնաճյուղի և միության համագործակցությունը, սկսվելով 2008 թվականին, հաջողությամբ շարունակվում է։

 

Միության նախագահ Պոլետ Կուտանի հայրենասիրության ու ջանքերի շնորհիվ հիմք է դրվել միության և ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության դասախոսների և ուսանողների համագործակցությունը։

 

Ըստ համաձայնագրի՝ վճարովի համակարգում սովորող «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին տրվում է կրթաթոշակ՝ նպատակ ունենալով զարգացնել ֆրանկոֆոնիան և օգնել սահմանամերձ մարզի ուսանողներին։

 

Ա.Մարդանյանը, ողջունելով Ջ.Միլիներին, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում մեր ժողովրդի կողքին կանգնելու համար։ Նա անկեղծ շնորհակալություն հայտնեց տիկին Պոլետ Կուտանին և Ջ.Միլիներին՝ անգնահատելի օգնության և աջակցության համար։

 

Ջ.Միլիները կրթաթոշակներ հանձնեց IV կուրսի ուսանողուհի Վարսիկ Իսախանյանին, III կուրսի ուսանողուհի Մարուսյա Օհանյանին, II կուրսի ուսանողուհիներ Նելի Գասպարյանին և Ալլա Օհանյանին։

 

Ջ.Միլիները նշեց, որ իրենք պատրաստ են շարունակելու գործընթացը և կնքելու նոր համաձայնագիր։

 

Կրթաթոշակների հանձնումից հետո Իջևանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Հ.Ցուցուլյանի հետ քննարկվեցին ուսանողների և Ֆրանկոֆոնիայի կենտրոնի համակարգման աշխատանքները։

 

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ հանդիպում, որի ընթացքում Ջ.Միլիները նաև ներկայացրեց նոր ծրագիրը: Նա նշեց, որ Ֆրանսիայի ֆոնդը պատրաստվում է Իջևանում հիմնել գյուղատնտեսական լիցեյ, որտեղ ֆրանսերենի ուսուցումը կլինի պարտադիր։

 

Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի հյուրին, ով նույնիսկ համաճարակի և ռազմական դրության պայմաններում այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Նա պատրաստակամություն հայտնեց ստորագրել նոր համաձայնագիրը և աջակցել ֆրանկոֆոնիայի զարգացմանը։

Տարածել նյութը
©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: