- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2020թ. ապրիլի 30-ին «Zoom» համակարգի միջոցով անցկացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության առցանց նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Նիստում ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները, ավարտական կուրսերի լուծարքային շրջանը, քննարկվեցին հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Տնօրենության նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մասնաճյուղն իր ողջ ներուժն է ներդրել առցանց ուսուցումը պատշաճ իրականացնելու համար: Մարտի 16-31-ը իրականացված ուսուցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունները ցույց տվեցին, որ առցանց դասավանդման համար դասախոսներն օգտագործել են տարբեր առցանց գործիքներ («Zoom», «Moodle», «Edunext», «Microsoft Teams», «Skype», «WattsApp», «Messenger», «Viber» և այլն): Այդ ընթացքում ՏՀՍԶ բաժինը տնօրենության հանձնարարությամբ բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել է անհրաժեշտ քանակի Zoom հարթակներ, դասախոսների և ուսանողների համար մշակել է համապատասխան ուղեցույցներ և տրամադրել նրանց: Մարտի 31-ից սկսած՝ ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր դասերն իրականացվում են միասնական Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի համար հաստատված դասացուցակներով:
ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ Zoom հարթակի կարգավորումներն իրականացնելուց հետո ՈՒՄՎ աշխատակիցներին տրամադրվել են համապատասխան հասցեները: Յուրաքանչյուր աշխատող շաբաթվա կտրվածքով ներկայացրել է հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել առցանց կրթության թերությունների և առավելությունների մասին: Ա.Դավթյանն ընդգծեց, որ դասերն իրականացվել են ըստ դասացուցակի, տեխնիկական խնդիրների պատճառով եղել են ժամերի որոշակի փոփոխություններ, սակայն դրանք էապես չեն խոչընդոտել դասապրոցեսի իրականացմանը: Եղել են դասախոսներ, ովքեր դասերն իրականացրել են անհատական Zoom հարթակներում, սակայն աշխատակիցները հնարավորություն են ունեցել վերահսկելու գործընթացը: Ուսանողների հաճախելիությունը տարբեր կուրսերում միջինում կազմել է 50-100%:
Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում առցանց ուսուցման կազմակերպման մեկ ամսվա արդյունքները համարել բավարար, Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել դասերի իրականացմանը:
Ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ավարտական կուրսերի լուծարքային շրջանն իրականացվել է պատշաճ կարգով, նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Չներկայացված ուսանողներ չեն եղել, որոշ առարկաներից եղել են լուծարքներ:
Որոշվեց ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ընթացքի մասին դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:
Հեռակա ուսուցման դասապրոցեսի վերսկսման նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը: Նա մասնավորապես նշեց, որ մայիսի 4-ից հաստատված գրաֆիկով իրականացվելու են Հեռակա ուսուցման բաժնի՝ մարտ ամսվա համար նախատեսված ու բացթողնված դասերը: Վերահաստատված դասացուցակները մինչև մայիսի 2-ը կուղարկվեն դասախոսներին և ուսանողներին: Մ.Զուրաբյանը հավելեց, որ հեռակա ուսուցման 5-րդ կուրսերում ապրիլին արդեն անցկացվել է 2019-20 ուստարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանը, և լրացվել են մարտ ամսին բացթողնված դասերը: Իրականացվել են նաև 5-րդ կուրսերի՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված դասերը: Մայիսի 11-ից սկսվելու է 5-րդ կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանը:
Որոշվեց Ուսումնամեթոդական վարչությանը և Հեռակա ուսուցման բաժնին հանձնարարել, մայիսի 4-ից, ըստ կազմված դասացուցակների, վերահսկել հեռակա ուսուցման առցանց դասերը:
Ուսման վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ուսանողները, չնայած ստեղծված իրավիճակին, աստիճանաբար սկսել են վճարել ուսման վարձավճարները, և մասնաճյուղի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ աշխատավարձերը ժամանակին և ամբողջական վճարելու համար:
Որոշվեց Մ.Մխիթարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ հարցերից հատկանշական է առաջիկա շաբաթում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար վերապատրաստման առցանց դասընթաց կազմակերպելու հարցը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն.Ղազարյանի և ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանի կողմից մայիսի 1-ից կիրականացվի «Ինչպե՞ս օգտագործել Google forms ձևաչափի հնարավորությունները առցանց քննությունների համար» դասընթացը:
Որոշվեց, որ դասընթացները հաջող ավարտած դասախոսները համապատասխան կրեդիտներ կստանան վերապատրաստման ծրագրի շրջանակներում:
Հաջորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց նախապաշտպանություններին. որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը և ֆակուլտետների դեկաններին հաստատված ժամանակացույցներին համապատասխան կազմակերպել նախապաշտպանությունները և վերլուծություն պատրաստել առցանց աշխատակարգի վերաբերյալ վերհանված խնդիրների շուրջ: