- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Խորապես ցավակցում ենք…
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Համլետ Սուրենի Կարայան (1945 - 2020)
Խոր վշտով հայտնում ենք, որ 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը:
Հ.Կարայանը (Ղարայանը) ծնվել է 1945թ. հուլիսի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում (գյուղում)՝ ուսուցիչների ընտանիքում: Ավարտել է Աչաջրի միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով:
1962թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1968-ին` ստանալով «Ֆիզիկոս»-ի որակավորում «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ:
1968-ին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն անմիջապես զորակոչվել է երկամյա ծառայության Խորհրդային բանակ՝ որպես ռադիոդասակի, ապա և կապի վաշտի հրամանատար:
1970-1988 թվականներին աշխատել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա՝ ավագ, հետո՝ առաջատար գիտաշխատող: 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:
1988 թվականին Հ.Կարայանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոն:
1991-1994 թթ. նա եղել է իր կողմից հիմնադրված Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանի ռեկտորը և պրոֆեսոր (համատեղությամբ), որտեղ իրականացվել են ՀՀ-ում առաջին բակալավրական ծրագրերը:
Հ.Կարայանի ջանքերով ՀՀ կառավարության՝ 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:
«Ստեղծագործ մեր ժողովուրդը պիտի երկներ հոգու, մտքի մի դպրոց` համալսարան: Կար հայրական պատվիրան` եղիցի …. Եվ այն եղավ, - մասնաճյուղ հիմնելու գաղափարը այսպես է բացատրել Հ.Կարայանը: -Հպարտ ենք ամենքս, որ մի հյուլեն ենք այդ լուսատուի …. Մեր արգասաբեր հողից հառնող այս դարբնոցում դեռ պիտի արարվեն Հայոց երկնակամարի լուսո բազում աստղեր…. »:
1994-1996 թվականներին Հ.Կարայանը եղել է նորաբաց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն և պրոֆեսոր (համատեղությամբ):
Կարայանը 1988 թվականից Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր էր, 2006-ից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 1979 թվականից 049 Մասնագիտական խորհրդի, մի շարք կոորդինացիոն խորհուրդների անդամ էր, «Armenian Journal of Physics» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
Հ.Կարայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ նախագահի պատվոգրերով:
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում նա կատարել է բազմաթիվ հիմնարար և կիրառական առաջնային հետազոտություններ, որոնք արմատական դեր են կատարել` նպաստելով ինչպես գիտության հեռանկարային ուղղությունների ձևավորմանը, այնպես էլ նոր ուղղությունների հիմնադրմանը:
Հ.Կարայանը հրատարակել է շուրջ 150 գիտական աշխատանքներ տարբեր երկրների գիտական հանդեսներում, ստացել է 5 արտոնագիր, այդ թվում` իր կողմից առաջարկած պոլիստոր սարքի համար: Հրատարակել է «Մթնոլորտի վիճակի դինամիկայի ֆիզիկական և մաթեմատիկական մոդելավորումը և նրա հետազոտումը ինֆրակարմիր օպտոէլեկտրոնային եղանակով» (Ռ.Ասատրյանի համահեղինակությամբ) և «Քվանտային ինֆորմացիա և քվանտային համակարգիչներ» մենագրությունները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, “Micro- and nanoelectronics” գիտաժողովի Միջազգային կազմկոմիտեի անդամ է եղել:
Նա հիանալիորեն զուգորդել է գիտական աշխատանքը մանկավարժական գործունեության հետ, մեծ աշխատանք է կատարել բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: Նա ղեկավարել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
Գիտակրթական ոլորտում Հ.Կարայանը դրսևորել է կազմակերպչական և նախաձեռնողական մեծ ունակություններ: Նա անդամակցել է ՀՀ ԳԱԱ, ԽՍՀՄ ԳԱ և Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության մի շարք գիտական, գիտատեխնիկական և կոորդինացիոն խորհուրդներին և նրանց սեկցիաներին:
Կազմակերպել է բազմարժեք էլեկտրոնիկային նվիրված 2 համամիութենական գիտաժողովներ (1981թ. և 1988թ. Դիլիջան քաղաքում), հիմնադրել է 2 համամիութենական միջճյուղային լաբորատորիա, Իջևանի քոլեջ-համալսարանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:
Ստեղծել է բազմարժեք պոլիստորային էլեկտրոնիկայի գիտական դպրոցը:
Ի դեմս ակադեմիկոս Համլետ Սուրենի Կարայանի՝ հասարակությունը կորցրեց բացառիկ ունակություններով օժտված անհատականության, մեծ ուսուցչի, մտավորականի, գիտական ուղղության հիմնադրի, հազվագյուտ մարդու և հայրենասերի:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը և ամբողջ անձնակազմը իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Համլետ Կարայանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Անվանի գիտնականի, անսպառ եռանդով լեցուն ու հայրենասեր մարդու հիշատակը մշտապես կլուսավորի և կջերմացնի մեր բոլորիս հոգիները…