- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2020թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում քննարկվեցին 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին, 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի անցկացմանը, ՀՀ ՊՆ կողմից հատկացվող անվանական կրթաթոշակի («Վազգեն Սարգսյան», «Մոնթե Մելքոնյան») տրամադրմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ նախորդ նիստին ֆակուլտետների դեկաններին հանձնարարվել էր դասացուցակները կազմել այնպես, որ երկուշաբթի օրը լինի ոչ աշխատանքային, քանի որ Երևանից եկող պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասին ավելի հարմար է դասերն իրականացնել շաբաթ օրերին: Այժմ դասացուցակները պատրաստվել և ստուգվել են ՈՒՄՎ կողմից՝ ըստ աշխատանքային ուսումնական պլանների և պրոֆեսորադասախոսական կազմի անհատական բեռնվածության: Պարոն Դավթյանը հավելեց, որ մասնաճյուղը լիովին պատրաստ է սկսելու երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմուքները:
Դեկաններին հանձնարարվեց պրոֆեսորադասախոսական կազմին ևս մեկ անգամ տեղեկացնել տրանսպորտի ժամանակացույցի մասին, ֆակուլտետներում սահմանել հերթապահություն՝ դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով և կազմված գրաֆիկները ներկայացնել տնօրենին:
2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները որոշվեց գնահատել բավարար և կազմել հրամանի նախագիծ երկուշաբթին ոչ աշխատանքային հայտարարելու մասին, ստեղծել հերթապահություն իրականացնելու համար նախատեսված գրաֆիկ, ՈՒՄՎ-ին և դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների իրականացման գործում:
2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին լուծարքային շրջանը կազմակերպելու վերաբերյալ նշվեց, որ ըստ գրաֆիկի՝ առկա ուսուցման 1-ին լուծարքային շրջանը նախատեսված է իրականացնել ս.թ. փետրվարի 6-15-ը, 2-րդ լուծարքային շրջանը՝ փետրվարի 20-29-ը, հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանը կտևի ս.թ. մարտի 6-14-ը, 2-րդ լուծարքային շրջանը՝ մարտի 20-28-ը:
Ա.Դավթյանը նշեց, որ լուծարքային շրջանն իրականացվում է ըստ նախատեսված ժամանակացույցի, տրված են առարկայական հանձնաժողովների հրամանները, ընթացքը վերահսկվում է Ուսումնամեթոդական վարչության կողմից:
Որոշվեց ֆակուլտետների դեկաններին հանձնարարել հետևողական լինել լուծարքային շրջանի անցկացման, ՈՒՄՎ-ին՝ վերահսկման գործում, այն պարտադիր իրականացնել հրամանագրված հանձնաժողովներով:
Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ՀՀ ՊՆ կողմից հատկացվող «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակների համար հայտ էին ներկայացրել 3 ֆակուլտետներ՝ Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների:
Առաջարկված թեկնածություններից «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար, առաջադիմությունից ելնելով, ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Սերյոժայի Գասպարյանը:
«Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար ընտրվեց Տնտեսագիտություն ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Վարդանի Մադաթյանը:
Որոշվեց նախապատրաստել համապատասխան գրություն և ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ընթացիկ հարցերից էին ուսանողների իրավունքների վերականգնմանը, ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հերթական ինքնավերլուծությանը, մասնաճյուղի՝ 2019-20 ուստարվա գույքագրմանը վերաբերող հարցերը:
Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը ներկայացրեց, որ Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար, իսկ առկա ուսուցման 1 ուսանող դիմել է առկա վճարովի համակարգից տեղափոխվելու հեռակա ուսուցման համակարգ: Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:
Երկրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության հերթական զեկույցի պատրաստումն ընթացքի մեջ է. ինքնավերլուծության 10 չափանիշները 50 և ավելի %-ով պատրաստ են, 2 չափանիշ գրեթե ավարտված են (Չափանիշ V. Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ, Չափանիշ VIII. Հասարակական պատասխանատվություն): Ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարվել է իրենց չափանիշները մինչև փետրվարի 15-ը ավարտուն տեսքի բերել և ներկայացնել ՄԿՈԱ բաժին:
Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ Վ.Եգանյանը նշեց, որ 2019-2020 ուստարվա գույքագրման աշխատանքները մոտ 60%-ով իրականացվել են (հյուրանոցային համալիր, մարզադահլիճ, վարչական մասնաշենք, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, Տնտեսագիտության ֆակուլտետ):