- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շնորհավո՛ր նոր՝ 2020 թվական
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նոր տարի, Ամանոր... հրաշքներով ու անակնկալներով, Գեղեցկի, Բարու և Ճշմարտի սպասելիքներով լի մի տոն, որին հավատում ենք…
Հավատում ենք ամբողջ հոգով ու սրտով, որ ամանորյա գիշերն իր գալստյամբ, ճերմակ ձյան թևով կսրբի-կտանի «ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, այլ նաև փոշին ու մուրը հոգու», որ կբացի աշխարհի բոլոր փակ դռները, իրար կկապի սիրող սրտերը, մանկան զիլ ճիչով, մեծի զնգուն ծիծաղով կլցնի համր ու դատարկ տները, կապաքինի հոգով ցավածին, մոլորված անցորդներին ու աշխարհի պանդուխտներին հայրենի տուն կդարձնի… Լինի՜, թո՜ղ լինի…
Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ. թո՛ղ այս Նոր տարին՝ 2020 թվականը, լինի կայուն խաղաղության և ծով բարության, անանց սիրո և երջանկության, նվիրական իղձերի և անկատար նպատակների իրականացման տարի, ընտանեկան և ազգային արժեքների գերակայության, գիտական, ստեղծագործական ու անձնական ձեռքբերումների տարի՝ ի նպաստ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:
________________________________________________________________
Փոքրիկ ակնարկ՝ Սպիտակ մետաղյա առնետի տարվա մասին
Այս Նոր տարին՝ 2020 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, Սպիտակ մետաղյա առնետի տարի է: Այն սկսում է արևելյան օրացույցի 12-ամյա պարբերաշրջանը: Հենց առնետն էր, որ առաջին անգամ հայտնվեց Բուդդայի առջև և արժանացավ օրացույցը սկսելու պատվին: Արևելքում առնետը հարստության, մաքրության, բարեկեցության և բարեվարքության խորհրդանիշ է, ուստի կանխատեսվում է հաջողություն բոլոր հարցերում և ձեռնարկումներում: Արևելքում առնետներին վերաբերվում են հարգանքով և սիրով: Հնդկաստանում այս կենդանին համաբանվում է այն Առնետի հետ, որը ձգում է Գանեշային` գիտելիքների և իմաստության աստծուն: Ճապոնիայում առնետը երջանկության խորհրդանիշ է, իսկ Չինաստանում՝ նույիսկ ազգային հերոս, որովհետև հենց առնետն է երբեմնի ժամանակներում առաջին անգամ բրինձ բերել քաղցած չինացիներին: Արևելյան շատ երկրներում առնետը հարստության ամենատարածված խորհրդանիշն է:
Ըստ չինական դիցաբանության՝ առնետը համարվում է խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի: Նա գիտի իր բոլոր առավելություններն ու թերությունները, ունի հիանալի հիշողություն, հեշտությամբ դուրս է գալիս բարդ իրավիճակներից:
2020 թվականի գույնը սպիտակն է, ուստի հաջորդ տարի կգերակշռեն լուսավոր մտքերը և մաքուր նկատառումները: Նախապատվելի են նաև կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն և բաց դեղին գույները:
Արևելյան օրացույցի համաձայն՝ 2020 թվականին արժե մեր մտքերը բարով լցնել և անշահախնդիր գործեր կատարել: Առնետը բավականին մանրակրկիտ է մոտենում իր և այլ մարդկանց կյանքին, ուստի նա հարգելու է յուրաքանչյուր մարդու իրավունքը:
Առնետի սպիտակ գույնը հաճելի նշան է նրանց համար, ովքեր ցանկանում են ամուր ամուսնություն ստեղծել 2020 թվականին: Տարին հաջող է նոր նախաձեռնությունների և փոփոխությունների համար, այն լավ հնարավորություն է հաշտվելու և բարեկամությունն ամրապնդելու համար:
Ֆինանսական առումով տարին բարենպաստ է: Առնետը մարդկանց հնարավորություն կտա կառուցել կարիերա, հասնել ճանաչման՝ աշխատասիրության, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտելու շնորհիվ: 2020 թվականը հնարավորություն կտա սպիտակ, մաքուր էջի վրա պատկերել և իրականացնել երազանքները, գործել լիարժեքորեն: