- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. նոյեմբերի 8-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:
ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ նախագահ Ա.Սարգսյանի հանդիպումը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզի տարբեր ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում պարոն Ա.Սարգսյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, նրանց հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ հետաքրքրություններ, մտահղացումներ ու կարիքներ ունեն:
Նախագահը նշեց, որ մարզի զարգացման, շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար նպատակահարմար կարող է լինել մասնագիտությունների ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնապահությունը, անասնաբուժությունը, անտառային տնտեսության կառավարումը և այլն:
Պարոն Սարգսյանը ուսանողներին տվեց արժեքավոր խորհուրդներ՝ հայրենիքը ճանաչելու և սիրելու, սկզբունքային լինելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:
Դիմելով ուսանողներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն, ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ: Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:
Նախագահը նաև ուսանողներին ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներից, այնտեղ ապրող տոկուն, ստեղծագործ ու աշխատասեր մարդկանցից իր ստացած ջերմ ու դրական տպավորությունները. «Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում: Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը, որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:
Ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկը և հետևելով ձևավորված ավանդույթին՝ ՀՀ նախագահը տիկնոջ հետ մասնաճյուղի այգում ծառ տնկեց:
Այնուհետև նախագահ Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը և հյուրերը դիտեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների բացօթյա ցուցադրությունը:
Ա.Մակարյանը տնօրենության անունից ՀՀ նախագահին նվիրեց մասնաճյուղի շրջանավարտների ավարտական աշխատանքներից «Տիրամայրը մանուկի հետ» մանրանկարը (ուսանող՝ Արինա Դավթյան, ղեկավար՝ Լ.Ֆլջյան):