- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ուսանողներին մոտիվացնում են շրջանավարտները
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի նախաձեռնությամբ իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մի քանի շրջանավարտների՝ «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Մանթաշյանի, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանի, Ազատամուտի համայնքապետ Վահագն Ալավերդյանի, «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի հետ հանդիպում, որի նպատակն էր տարբեր բնագավառներում որոշակի հաջողությունների հասած մեր շրջանավարտների անձնական փորձի ներկայացման միջոցով մոտիվացնել ուսանողներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, շրջանավարտներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը և նշեց, որ ուրախ է մասնաճյուղում տեսնել շրջանավարտներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ում շրջանավարտների միություն ստեղծելու, հարազատ բուհի հետ մշտական կապ պահպանելու կարևորության մասին:
Թագվոր Մանթաշյանը, ուսանողներին ներկայացնելով իր անձնական փորձը, նշեց, որ հաջողության հասնելու գրավականներից մեկն է չբավարարվել համալսարանի դասախոսների տված նյութերով, թեև դրանք եղել են բազա, որի վրա ինքը ձևավորել է իր հմտությունները: «Ես ավարտել եմ 2008 թվականին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը, որից հետո, երկար ժամանակ իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնելով, ինքնակրթությամբ եմ զբաղվել և սովորել տնտեսագիտություն, ապա ընդունվել եմ «Արարատբանկ»՝ որպես վարկային մասնագետ, - նշեց Թ.Մանթաշյանը: - Սկզբում իմ ղեկավարները զարմանում էին, թե ինչպես «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ քաղաքացին կարողացավ տնտեսագետների և մյուս դիմորդների մեջ հաղթել: Ամեն ինչի սկիզբը դրվել է համալսարանում. դասախոսները շատ թանկ ինֆորմացիա են մեզ տալիս, դա անգին է: Պետք չէ սպասել, ինչպես նշեց պարոն Մակարյանը, աշխատելու ընթացքում ձեռք կբերեք ավելի մեծ որակավորումներ, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության: Եթե ցանկանաք աշխատել բանկում, պետք է լավ ուսումնասիրեք ոլորտը»:
«Յունիբանկ» ԲԲԸ կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ. համալսարանը ոչ միայն այն վայրն է, որ սովորեցնում է մեզ, թե ինչպես կարելի է սովորել, այլև այն վայրն է, որ օգնում է երեխաներին գերազանցել իրենց ծնողներին, այսինքն՝ ոչ միայն սովորել, թե ինչպես կարելի է սովորել, այլև դառնալ կրթված: Մարդու արարքները ընդամենը փայլ են հաղորդում նրան, իսկ մարդուն կշիռ հաղորդողը նրա գիտելիքն է: Դուք կարող եք բոլորդ էլ փայլել ձեր շրջապատում, բայց ցանկալի է, որ ունենաք կշիռ, անշուշտ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելու ժամանակ ձեր կշիռը մեծ դեր ունի: Մեր բանկն ակտիվ համագործակցում է մասնաճյուղի հետ, որը կարող է նաև հավաստել Էրինեն: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք համալրել ենք մեր կադրային բազան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 5 շրջանավարտով, այս պահին ունեմ մասնաճյուղի 13 ավարտած շրջանավարտ, վերջին երեքը ինձ մոտ պրակտիկ ուսուցում անցած ուսանողներն են եղել: Պրակտիկան անցաքարտ է աշխատանքի տեղավորման համար: Թափուր աշխատատեղ լինելու դեպքում, մինչև հայտարարություն փակցնելը, ես տեղեկացնում եմ Էրինեին և սպասում համալսարանի լավագույն կադրերի ներհոսքին: Միշտ եղեք մոտիվացված, միշտ ձգտեք ապրել ավելի լավ կյանքով, յուրաքանչյուր առավելագույնի հասնող միանշանակ սկսում է ցածր սանդղակից, պետք է ունենալ ինքնավստահություն, բայց պետք չէ ունենալ մեծամտություն, պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին, յուրաքանչյուր մեծ գործ արվում է մեծ սիրո արդյունքում: Պատրաստ եմ օգնել ձեզ, ընդունել մեր հարկի տակ, նպաստել ձեր առաջընթացին»:
Ուսանողների հետ զրուցում Վահագն Ալավերդյանը նշեց. «Ձեր գործատուն դուք եք, ձեր մոտեցումները պիտի լինեն ոչ ստանդարտ: Ստանդարտացումը այդքան էլ լավ երևույթ չէ, որովհետև երբ ինչ-որ մի բան դուք փորձեք ձեռնարկել, որը ձեր շրջապատի մարդկանց համար կլինի նորություն, նրանցից շատերը կասեն, որ դա հաջողության չի բերի կամ չի ստացվի, ուղղակի պետք է հավատալ, որ այն ձեզ հաջողության կբերի: Ձեզ համար թիվ մեկ բանը պետք է լինի ձեր ժամանակը, որն անցնում է, և կապ չունի դպրոցում ես, ուսանող ես, թեկուզ դասից հետո է, այդ ժամանակն արդյունավետ պետք է օգտագործել, պետք է սկսել ամենագլխավորից: Հաջողության հասած բոլոր մարդիկ էլ սկզբում անհաջողություններ են ունեցել, բայց հավատացել են իրենց արածին և հաջողել են»:
Գևորգ Թադևոսյանը նշեց, որ ինքը չի եկել ուսանողներին ինչ-որ նոր բաներ ներկայացնելու, ինքը եկել է նրանցից սովորելու, ինչպես նշեցին շրջանավարտները, գիտելիքը մեծ կշիռ ունի բոլոր ոլորտներում, և ամենակարևորն այն է, որ ուսանողները լավ սովորեն և շատ գիտելիք ձեռք բերեն:
Հանդիպման վերջում ուսանողների և շրջանավարտների միջև ծավալվեց ակտիվ քննարկում՝ հարց ու պատասխանի ձևով:
Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը շնորհակալություն հայտնեց շրջանավարտներին և նշեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: