2019թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնաճյուղում անցկացվում է ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի «Ուսուցման  նորարարական  մեթոդներ» մոդուլով նախատեսված «Ակտիվ   ուսուցում «շրջված   դասարանում»» վերապատրաստման դասընթացը, որը վարում է ԵՊՀ փիլիսոփայության պատմության,  տեսության  և   տրամաբանության   ամբիոնի   ասիստենտ,  կրթության  փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Վերապատրաստման դասընթացը բաղկացած է չորս դասից:

Հոկտեմբերի 12-ին անցկացվեց առաջին դասը, որի ընթացքում դիտարկվեցին կոմպետենցիոն կրթություն իրականացնելու առանձնահատկությունները: Նշվեց, որ կոմպետենցիոն կրթության միջոցով 3 խնդիր է լուծվում. առաջին՝ կոմպետենցիոն կրթությունը նպատակ ունի միավորել գիտելիքը, հմտությունը, արժեքները և դիրքորոշումները, երկրորդ՝ այն նպատակ ունի ուսուցանել առանցքային գաղափարներ, երրորդ՝ կոմպետենցիոն կրթությունը ենթադրում է խորքային կրթություն:

Հոկտեմբերի 22-ին կայացավ վերապատրաստման դասընթացի երկրորդ դասը, որի ժամանակ քննարկվեցին դասի անցկացման չորս հիմնական փուլերը՝ դասի սկիզբ, նոր նյութի փոխանցում, փոխանցված նյութի ամրապնդում և կիրառում, սովորածի ստուգում: Հիմնվելով դասախոսների փորձի վրա՝ ներկայացվեցին դասի սկզբի տարբեր արդյունավետ մոտեցումներ:

Առաջիկա երկու հանդիպումների ընթացքում (նոյեմբերի  5-ին  և  նոյեմբերի  12-ին) կներկայացվի «շրջված դասարանի» մոդելը` որպես նոր նյութի ներկայացման և փոխանցված նյութի ամրապնդման ու կիրառման մոդել: Կքննարկվեն «շրջված դասարանի» ուժեղ և թույլ կողմերը: Կբացատրվի, թե երբ է արդյունավետ «շրջած դասարանի» մոդելի կիրառումը: Մասնակիցները կքննարկեն նաև նոր նյութի մատուցման և նյութի ամրապնդման, կիրառման այլ մոդելներ: Անդրադարձ կկատարվի սովորած նյութը ստուգելու հնարներին. ուսուցման գործընթացում շատ կարևոր է պարզել, թե ինչ են սովորել աշակերտները: Դասընթացում կներկայացվեն սովորածը բացահայտելու մեթոդներ:

«Ակտիվ   ուսուցում «շրջված   դասարանում»» վերապատրաստման դասընթացը դասախոսներին հնարավորություն կտա ավելի լավ պլանավորել և անցկացնել իրենց դասերը:  

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: