2019թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էր 9 ուսանող՝ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից։
Խաղը վարեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը։
Ինտելեկտուալ խաղի առաջին փուլն անցկացվեց բջջային հատուկ հավելվածի՝ Quizizz-ի օգնությամբ, տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց, ընդ որում՝ մասնակիցները լրացուցիչ միավորներ վաստակեցին նաև հարցերին արագ պատասխանելու համար։ Առավելագույն միավոր հավաքած 5 ուսանողները հնարավորություն ստացան խաղը շարունակել երկրորդ փուլում։
Երկրորդ և երրորդ փուլերի համար «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը HTML, CSS և JavaScript լեզուների միջոցով ստեղծել էր համակարգչային հատուկ ծրագիր, որը խաղի 2-րդ և 3-րդ փուլերը հնարավորինս մոտեցնում էր հեռուստախաղի ձևաչափին։
Երկրորդ փուլում մասնակիցները 10 թեմաներից ընտրեցին երկուական թեմա, այնուհետև փորձեցին պատասխանել իրենց ընտրած թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում։ Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մհեր Ղալումյանը և Շիրակ Գասպարյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Թինա Թամրազյանը։
Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում։ Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին։
Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Թինա Թամրազյանը, ով պարգևատրվեց մեդալով, հուշանվերով, պատվոգրով և գրադարանի կողմից նվիրաբերված գրքով։
Պատվոգրերով և գրքերով պարգևատրվեցին նաև Շիրակ Գասպարյանը և Մհեր Ղալումյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Խաղի մյուս 6 մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խաղի կայացմանն օժանդակելու համար շնորհակալագրեր տրվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին, ուսանողներ Լիանա Ներսիսյանին, Արգիշտի Մարգարյանին, Արայիկ Շահնազարյանին։
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: