- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. սեպտեմբերի 2-ին Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին:
ԵՊՀ ԻՄ-ը նոր ուստարում իր հարկի տակ դիմավորեց առկա ուսուցման 165 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:
Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, բուհի աշխատակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելով բոլոր համլսարանականներին՝ բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին, ծնողներին: Իր շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշեց. «Ինձ համար շատ հաճելի օր է այն առումով, որ որպես տնօրենի պաշտոնակատար այսօր իմ առաջին աշխատանքային օրն է, և կրկնակի հաճելի է, որ համընկել է նոր ուսումնական տարվա սկզբի հետ: Ես ողջունում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ողջ աշխատակազմին, մեր սիրելի ուսանողներին, բոլոր հյուրերին, շնորհավորում նոր ուսումնական տարվա առիթով: Տարին կրկնակի հոբելյանական է. դուք լավ գիտեք, որ Երևանի պետական համալսարանը` Մայր բուհը, նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Մեզ համար ուսումնական տարին նույնպես հոբելյանական է. այս տարի 25-րդ անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր դռներն է բացել մարզի դպրոցների շրջանավարտների առաջ: Լինելով դեռևս բավականաչափ երիտասարդ բուհ՝ մեր մասնաճյուղն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանային բոլոր բուհեր մեջ: Մենք մեր դեմքն ունենք, և մեր խնդիրն է լինելու շարունակել գեղեցիկ ավանդույթները և ներդնել նորերը: Հազարավոր շրջանավարտներ է ունեցել մասնաճյուղը, որոնք իրենց տեղն են գտել կյանքում. նրանք դարձել են ուսուցիչներ, կառավարիչներ, հիմնադրել են սեփական բիզնեսը, և այդ առումով մեծ է եղել մասնաճյուղի ներդրումը: Կարևորն այն է, որ մասնաճյուղի դռներից նրանք դուրս են եկել որպես պատրաստի մասնագետներ: Եթե ինձ հարցնեն, թե ինչ է համալսարանը, ես ունեմ կարճ պատասխան՝ իսկական համալսարանը ավանդույթներն են. ակադեմիական ազատություն և ազնվություն, կարգապահություն, սեր ընտանիքի, համալսարանի և հայրենիքի հանդեպ, միմյանց նկատմամբ հարգանք, այնպիսի մթնոլորտ, որտեղ իշխում է մրցակցությունը, բայց մրցակցությունը գիտության, գիտելիքի ձեռքբերման ոլորտում:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ես վստահ եմ, որ այն ուսանողները, ովքեր մուտք են գործում մեր ուսումնական հաստատություն, կդիտարկեն մասնաճյուղը որպես իրենց երկրորդ տուն, իսկ ուսանողությանը՝ որպես երկրորդ ընտանիք, այնպիսի ընտանիք, որտեղ բոլորը հպարտանում են մեկի հաջողությամբ և տխրում նրա անհաջողություններից: Որպես դասախոսական կազմի ներկայացուցիչ` ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մեր դասախոսները ամեն ինչ կանեն, որ դուք ձեռք բերեք բավարար գիտելիքներ, կարողություններ և այս դռներից դուրս գաք որպես մարդ, ով կարող է վստահ գնալ դեպի իր համար կանխատեսած ապագան, լինել արժանի մարդ հանրության և մեր հայրենիքի համար: Այնպես որ բարի գալուստ և բարի երթ: Շնորհակալ եմ»:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ համալսարանականներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:
Ուսանողներին և առանձնապես առաջին կուրսեցիներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Ավետիսյանը:
Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Սահակ Գուլակյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:
Ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը՝ որպես ավագ ուսանող, հանձնեց Սահակ Գուլակյանին:
Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով:
Միջոցառումից հետո լսարաններում սկսվեցին նոր՝ 2019-20 ուստարվա ուսումնական պարապմունքները: