- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում, որը վարեց հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:
Դաս-քննարկման ընթացքում պարոն Կարապետյանը ներկայացրեց իր գործունեությունը, պատմեց հայկական հուշարձանների հաշվառման աշխատանքների, Հայաստանի՝ թշնամու հողում թողած պատմաճարտարապետական կոթողների նախկին և ներկայիս վիճակի, դրանց վերաբերյալ իր ունեցած հիշողությունների մասին: Շեշտվեց, որ շինությունների մի մասը սկզբնական շրջանում որպես հարդանոց կամ գոմ է ծառայում, այնուհետև ավիրվում քրդերի կողմից, եկեղեցիները սեփականաշնորհված են, իսկ գերեզմանների տեղում կառուցված են դպրոցներ և այլ շինություններ:
Բանախոսն անդրադարձավ Ժան-Միշել Թիերիի գործունեությանը՝ նշելով, որ նա մեծ դեր է ունեցել հայ ճարտարապետական հիշողության փրկության հարցում:
Ներկայացվեց նաև Համբարձում Երամյանի հայանվեր գործունեության մասին, նշվեց, որ նույնիսկ կուրանալուց հետո նա շարունակեց կրթվել, զարգանալ և ամբողջությամբ նվիրվել հայ պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության գործին, ինչպես նաև դպրոց հիմնադրեց:
Ս.Կարապետյանը խոսեց նաև «Հայաստանի պատմություն» գրքաշարի ստեղծման մասին՝ նշելով, որ շարքի առաջին գիրքը նվիրված է «Հայոց Ձոր» գավառին, որտեղ, համաձայն ավանդության, Հայկ Նահապետը Բելին հաղթելուց հետո իր տունը շինեց:
Քննարկման մասնակիցները նրան ուղղեցին հարցեր, որոնցից հատկանշական է ուսանողական պրակտիկայի ծրագրում Տավուշի պատմաճարտարապետական հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրա կարևորությանը վերաբերող հարցը:
Իբրև ամփոփում՝ պարոն Կարապետյանն անդրադարձավ ժամանակակից երիտասարդության մեջ մոտիվացիայի բացակայությանը կամ դրա պակասին, ընդգծեց, որ կյանքին իմաստ հաղորդելու համար մարդուն նպատակ է պետք: