- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ապրիլյան պատերազմին մասնակցած մեր աշխատակիցները՝ պատերազմի մասին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. ապրիլի 4-ին հարցազրույց ունեցանք 2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցած, այժմ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանի ու Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանի հետ:
– Հարգելի՛ Վլադիմիր և Սլավիկ, որտե՞ղ էիք իրականացնում ձեր ծառայությունը, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը:
Վ.Պ. – Ես ծառայել եմ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության 4-րդ պաշտպանական շրջանում՝ Ասկերանի զորամասում: Հակառակորդը ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, սկսեց հրետակոծել ՊԲ չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանական բնագծի մարտակարգերը: Պաշտպանական շրջանի ստորաբաժանումների ղեկավարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, հակառակորդի կողմից սպասվող հարձակողական գործողություններին պատրաստ լինելու, նրան համարժեք պատասխան տալու նպատակով ղեկավարման մարմիններն անցան մարտական աշխատանքային ռեժիմի: Պաշտպանական շրջանի ուժերը, բերվելով լրիվ մարտական պատրաստականության աստիճանի, ապրիլի 2-ի երկրորդ կեսին անցան պաշտպանության:
Ռազմական մասնագիտությամբ օպտիկական հետախույզ եմ, և առավոտ կանուխ, մինչ ամբողջ զորամասը դուրս կբերվեր հիմնական մարտակարգեր, մեր ղեկավարման դասակը զբաղեցրեց իրեն վերապահված դիտակը՝ հակառակորդի ռազմական տեխնիկայի տեղաշարժը հետախուզելու նպատակով:
Ս.Ա. – Ես էլ ծառայել եմ Արցախի հյուսիսարևելյան հատվածում՝ Մարտակերտում: 2016թ. ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, ես գտնվում էի զորամասում: Գիշերվա ժամը 3-ն էր, ես արթուն էի: Սկսեցի լսել արկերի պայթյունի ձայներ: Նախ մտածում էի, որ հերթական կարճատև հրետակոծությունն է, որպիսիք հաճախակի էին դարձել դեռ 2015թ. վերջից: Սակայն գնալով ձայներն ուժգնացան, և պարզ դարձավ, որ սա ուրիշ բան է: Բոլորին արթնացրինք և պատրաստվեցինք դիրքեր մեկնելու՝ նախորդ օրը դիրքեր մեկնած մեր ընկերներին օգնության: Որոշ ժամանակ ակտիվ հրետանակոծությունը թույլ չէր տալիս դա անել, և ժամեր անց միայն մենք զբաղեցրինք մեր դիրքերը և կատարեցինք մեր մարտական խնդիրը:
Ի դեպ, շատ է տարբեր հարթակներում շրջանառվում «քառօրյա» բառը, բայց այն տեղին չէ, քանի որ մարտական գործողությունները հետո վերսկսվել են, և պատերազմը տևել է շատ ավելի, քան 4 օր:
– Ձեր կարծիքով, որո՞նք էին Ապրիլյան պատերազմի ծագման պատճառները, որքա՞ն այն տևեց իրականում և ինչպե՞ս ընթացավ:
Վ.Պ. – Ապրիլյան մարտական գործողությունների պատճառային հիմքերն ավելի խորքային են, քան պատկերացնում ենք: 1994թ. զինադադարից սկսած՝ իրավաքաղաքական առումով արցախյան հարցի շուրջ տեղի ունեցած զարգացումները չստեղծեցին նախապայմաններ՝ կառուցողական բանակցություններով տարածքային հարցերը կարգավորելու և միջազգային իրավունքի շրջանակներում, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա հիմնահարցին լուծում տալու համար: Իսկ շարունակվող հիբրիդային «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը յուրօրինակ ձևով լիցքավորում էր երկու հակադիր հասարակությունների կրքերը, որի պարպումը, ադրբեջանական կողմի համոզմամբ, բլիցկրիգային (արագընթաց մարտ) ռազմական գործողությունն էր, որին էլ գնաց հակառակորդը:
Հատկապես ուշագրավ է, որ ապրիլի 2-ից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի զորամիավորումներն սկսում են նոր կուտակումներ ու վերախմբավորումներ իրականացնել և ըստ որոշ տվյալների` մարտադաշտ են բերվում հրետանային երեք բրիգադներ և այլ հրետանային ու համազորային ուժեր: Չորրորդ պաշտպանական շրջանի պաշտպանության բնագծի ուղղությամբ նկատվում է նաև տանկային ստորաբաժանումների կայուն շարժ, որոնք ամբողջ օրը խուսավարում և նոր կրակային դիրքեր էին զբաղեցնում, որը մարտավարական հնարամտության մաս էր կազմում և նպատակ ուներ խուճապ առաջացնել հայկական առաջնագծի պաշտպանության ուժերի մեջ: Կարելի է փաստել, որ ճակատի կենտրոնական ուղղությամբ կուտակումներն իրենց գագաթնակետին հասան ապրիլի 4-ին: Այդ ընթացքում հակառակորդն անընհատ համալրում էր իրականացնում` դեպի ճակատ ուղարկելով լրացուցիչ ուժեր:
Ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, մեր պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվում Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում: Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ են բացել հակառակորդի այդ կուտակումների դեմ: Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվեց ճնշել վերոնշյալ կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:
Ս.Ա. – Պատերազմի հիմնական պատճառը, ըստ իս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության չմարող ինքնախաբեությունն է, որ իրենք ունեն առավելություն մեր նկատմամբ, և պատմության խեղաթյուրումը՝ սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու և անհիմն նկրտումների գնով:
Ակտիվ գործողությունները տևել են ապրիլի 2-5-ը, որոշ տեղեր նաև ապրիլի 6-ին, իսկ այնուհետև ապրիլի 25-ի՝ լույս 26-ի գիշերը սկսվել է ակտիվ հրետանակոծության նոր փուլ, որը տևել է մի քանի օր: Անգնահատելի է հրետանավորների դերը:
Ես կպատմեմ իմ զորամասի անձնակազմի սխրանքները: Մեր ուղղությամբ կենտրոնացած էր ամենամեծ խմբավորումը, և առաջին գործողությունների՝ հակառակորդի համար հաջող ընթացքի դեպքում սպասվում էր աննախադեպ հարձակում: Մեր զորամասի դիրքերից մեկի պաշտպանության համար մղված մարտում ապրիլի 2-ի առավոտյան անձնվիրաբար զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, շարքայիններ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը: Դրանից հետո թեժ մարտ է ընթացել դիրքը հակառակորդից մաքրելու և վերատիրելու համար: Զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանով դիրքին օգնության են շտապել 3 խմբեր. իրենց գործողություններով աչքի են ընկել փոխգնդապետ Արամ Հայրյանը, մայոր Էդիկ Մալոյանը և իր ենթակաները, հետախույզները, տանկիստները: Դիրքի պաշտպանության և վերատիրման ժամանակ մեր զինծառայողները դիմակայել են թվաքանակով շուրջ 20 անգամ գերազանցող հակառակորդին: Այդ դիրքի վերատիրման գործողությունը հօդս ցնդեցրեց մեր զորամասի ուղղությամբ նոր գրոհների կազմակերպումը, իսկ մեր հրետանու դիպուկ համազարկերը լռեցրին հակառակորդին:
– Ի՞նչ զգացումներ ունեցաք պատերազմի օրերին, և ի՞նչ փոխվեց ձեր մեջ պատերազմից հետո:
Վ.Պ. – Հավատ և վստահություն, անսահման վստահություն զինակից ընկերոջ և հրամանատարի նկատմամբ: Պատերազմը փոխեց ամեն մոտեցում, կոտրեց կարծրատիպը զինակցի, սպայի, հրամանատարի նկատմամբ:
Մի բռունցք դարձած, մոռանալով ամեն բացասական ու վատ երևույթ՝ մեր զինվորներն ու սպաները կարողացան լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Մարտական գործողությունները ոչ միայն համախմբեցին, այլև դարձան համազգային միասնական բանակի գոյության գրավականը, քանզի յուրաքանչյուր հայ, անկախ իր դիրքից, իր հնարավորություններից, ամեն ինչ անում էր խրամատում կանգնած զինվորին օգնելու համար:
Ս.Ա. – Զգացողությունները տարբեր էին և միախառնված. սկսած վախից և շփոթմունքից՝ մինչև արիություն և հպարտություն: Մեզնից շատերը հույս չունեին, որ ողջ կմնան, բայց պատրաստ էին ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Մենք շուրջ երկու ամիս գտնվում էինք շատ դժվարին պայմաններում՝ համակերպվելով տարբեր զրկանքների հետ՝ հանուն հայրենիքի և մեր ընտանիքների բարօրության: Մեզ բավականին ոգևորեցին, ինչ-որ առումով նաև զարմացրին ազգի այդչափ համախմբումը և ուղարկված օգնությունները:
Պատերազմից հետո սկսել եմ այլ կերպ նայել ինձ շրջապատողներին, մարդկային պարզ և բարդ փոխհարաբերություններին. չես իմանա, թե ով կլինի քո կողքին ամենադժվարին պահին և ինչպես կդրսևորի իրեն:
– Ի՞նչ դասեր կարելի է քաղել Ապրիլյան պատերազմից, և ի՞նչ կպատգամեք մեր երիտասարդներին (մասնավորապես՝ մեր ուսանողներին):
Վ.Պ. – «Եղի՛ր ուժեղ, ավելի ուժեղ և միշտ ուժեղ, ուժն է ծնում իրավունքը», ուստի խաղաղությունը պետք է օգտագործենք մեր ռազմական հնարավորություններն առավել ամրապնդելու համար: Պետք է միշտ պատրաստվել, որովհետև ապրելով մի տարածաշրջանում, որտեղ մահմեդական տարրը «տարածաշրջանն առանց հայերի» քաղաքականությունն է վարում, ուղղակի անհրաժեշտություն է ամեն օր, ամեն ժամ համալրել ու ամրացնել շարքերդ: Ես վստահ եմ, որ նման սերունդ ունեցող ազգն անպարտելի է: Սիրենք մեր երկիրը, մեր տունն ու այն ամենը, ինչ մերն է՝ ավելի, ավելի...
Ս.Ա. – Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Եթե մենք այնքան ուժեղ լինենք, որ միշտ պատրաստ լինենք պատերազմելու և հակահարված տալու, թշնամին չի հանդգնի հարձակվել:
Պատգամս հետևյալն է. «Չես իմանա, թե երբ կկտրվի քո կյանքի թելը. պետք է լիարժեք ապրես քեզ ընձեռված յուրաքանչյուր օրը և բարին կերտես»:
– Շնորհակալ ենք ձեզ (ի դեմս ձեզ՝ մեր բոլոր հերոսներին, ազգի քաջ զավակներին), սիրելի՛ Վլադիմիր և Սլավիկ, հայրենիքն մատուցած ծառայության և իհարկե այս տպավորիչ հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: