Այսօր՝ 2019թ. մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ:

Նախարարության տեղեկացմամբ՝ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսված միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումներից անմասն չէր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ իր վարչական, պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, տնտեսական  անձնակազմի ներկայացուցիչներով և ուսանողներով:

Կարևորելով «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որն իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի մեծացնել շրջակա միջավայրի նկատմամբ բնակիչների միասնական պատասխանատվության և հոգատարության զգացումը՝ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները մաքրման աշխատանքներ իրականացրին Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի ամբողջ երկայնքով (ներառյալ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրին կից տարածքը):

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: