- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Փետրվարի 14-ը Սիրահարների օրն է
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր: Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին:
Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է:
Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»:
Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:
Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:
Սիրահարների օրը Արևմտյան Եվրոպայում սկսել են նշել՝ սկսած XIII դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից:
Ճապոնիայում ընդունված է այդ օրը քաղցրավենիքներ և հատկապես շոկոլադ նվիրել սիրելիին, Ֆրանսիայում՝ զարդեր, իսկ Դանիայում իրար չորացրած սպիտակ ծաղիկներ են ուղարկում:
Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են վաղ առավոտյան, կանգնում լուսամուտի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ լեգենդի՝ առաջին տեսած տղամարդն էլ համարվում է այդ աղջկա կյանքի ընկերը:
Սաուդյան Արաբիան էլ աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է:
Հին Ռուսաստանում ևս կար սիրո տոն, սակայն այն ոչ թե ձմռանն էր նշվում, այլ ամռան սկզբին և կապված էր Պյոտրի ու Ֆևրոնիայի լեգենդար պատմության հետ:
Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:
Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ:
Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին:
Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում:
Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները:
Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին: Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները: Այս ավանդույթը մեզանում պահպանված է մինչև օրս:
Հայաստանում երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսն է համարվում Սուրբ Սարգիս զորավարը, որի հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը: Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը այս տարի կնշվի փետրվարի 16-ին: