2019թ. հունվարի 25-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Իջևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Սամվել Ռուբենյանը, Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ոլորտի մասնագետներ, կոմունալ ծառայության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հանրային քննարկմանը մասնակցում էր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի վարիչի ԺՊ Վարդան Սարգսյանը:
Այն կազմակերպվել էր համայնքում աղբահանությանը և սանիտարական մաքրությանը վերաբերող հարցերի քննարկման, այդ ուղղությամբ մատուցվող ծառայությունների, սպասարկման որակի բարձրացման նպատակով:
Քննարկման ընթացքում քաղաքացիներն արտահայտեցին տնտեսվարողների կողմից աղբը Աղստև գետը նետելու հետ կապված իրենց մտահոգությունները:
Հնչեցին տարբեր առաջարկություններ նման դեպքերը նվազեցնելու համար:
ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի վարիչի ԺՊ Վ.Սարգսյանը ներկայացրեց մասնաճյուղին հուզող հարցերը, որոնք կապված էին ԵՊՀ ԻՄ-ի շրջակայքի՝ Իջևանի Ուսանողական թիվ 3 փողոցի կոմունալ խնդիրների (կոյուղաջրերի, ջրափոսերի վերացում և այլն) հետ:
Մասնակիցների հարցերին համայնքի ղեկավարը տվեց պատասխաններ: Տնտեսվարողների կողմից գետն աղտոտելու հետ կապված՝ Վարդան Ղալումյանը նշեց, որ այս տարիների ընթացքում բավականին նվազել է օրինախախտ տնտեսվարողների թիվը, և դա տեղի է ունեցել նրանց հետ պարբերաբար անցկացվող քննարկումների շնորհիվ։
Համայնքի ղեկավարը նշեց, որ պարբերաբար բացվում են «Սպիտակ լիճ» ջրամբարի փականները գետի հունը մաքրելու նպատակով։ Կտրվում են նաև գետի երկայնքով ներաճած ծառերը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահպանվում է դրանց որոշ մասը` շրջակա շինությունների հիմքը չխարխլելու համար։ Ներկայացվեց աղբահանության պատշաճ իրականացմանը խոչընդոտող ևս մեկ խնդիր, այն է՝ սեփականաշնորհված մասնավոր տարածքներում աղբաման տեղադրելու կապակցությամբ սեփականատերերը անհամաձայնություն են հայտնում: Համայնքի ղեկավարը կարևորեց այս խնդիրների լուծմանը հասնել մարդկանց իրավագիտակցության բարձրացման և ոչ թե մշտապես տուգանքներ կիրառելու միջոցով:
«Իջևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը» թեմայով հանրային քննարկման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝
- Համայնքապետարանի կողմից կազմել հայտարարություն, որի միջոցով մարդիկ կտեղեկացվեն, որ այսուհետև բոլոր նրանք, ովքեր չնախատեսված վայրում, մասնավորապես՝ Աղստև գետի մեջ, աղբ կթափեն, ըստ օրենքի, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
- Տուգանել այն բոլոր տնտեսվարողներին, որոնց խանութի տակ՝ գետի մեջ, կհայտնաբերվի աղբ:
- Հրապարակել ինչպես նախկին, այնպես էլ այս քննարկումից հետո կազմված արձանագրությունները:
- Մեկ ամիս հետո՝ ս.թ. փետրվարի 25-ին, կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ քննարկելու վերոնշյալ կետերի իրականացումը: