- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Նաիրա Փիրումյանի «Տերևը» գրքի քննարկումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների և ժամանակակից գրող, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նաիրա Փիրումյանի ու գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել Նաիրա Փիրումյանի «Տերևը» ժողովածուի պատմվածքները:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ. Վ. Ավագյանը:
Զեկուցումներ ներկայացրին, հետաքրքիր և ազդեցիկ ելույթներ ունեցան «ՀԼԳ» մասնագիտության ուսանողները (Լուսինե Մելքումյան, Աննա Դովլաթբեկյան, Մանե Եգանյան, Գոհար Մխիթարյան և ուրիշներ), Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները:
«Տերևը» ժողովածուի պատմվածքներից մեկի՝ «30 սմ»-ի մասին ինքնատիպ զեկուցումով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ ընդգծելով պատմվածքում հեղինակի պատկերավոր, պարզ ու հստակ լեզուն՝ փիլիսոփայական խորքերով, անպաճույճ պատմելաձևը, ինքնակենսագրական բնույթը, մարդկային հոգու դրամատիկ հույզերով հագեցվածությունը. «Առաջին զգացումը, որ ապրում է ընթերցողը Նաիրա Փիրումյանի պատմվածքների ժողովածուն ընթերցելիս, պատկերավոր, պարզ ու հստակ լեզուն է՝ փիլիսոփայական խորքերով... Ինքնակենսագրական բովանդակություն ունի... «30 սմ» պատմվածքը։ ...Սահուն է հեղինակի լեզուն, պատմելաձևը՝ անպաճույճ. հիվանդանոցային կյանքի դրվագները լի սիրով, բնական գույնով. պատմվածքն ասես նովելների մի փունջ է՝ մարդկային հոգու դրամատիկ հույզերով հագեցած. ահա Հորդանանից եկած գեղեցկուհի Սաբահի և պարսկահայ Ռազմիկի սիրո դրաման. կյանքը նրանց չէր կարող միացնել, որովհետև տարբեր էին կրոնները, կամ Կոստյայի և սիրունիկ Դաշայի սերը, որը ընդհատվել էր տղայի ծնողների պահանջով։ Սեղմ, բայց գունագեղ վրձնահարվածներով են կերտվել նաև մյուս հերոսների լիարյուն դիմանկարները... Իսկ ամենահետաքրքիրը աղջկա ցավոտ սիրո պատմությունն է, նրա և Թոդորի սիրո, որ երանելիության չափ ցանկալի էր, անհնարին ու անհավանական լինելու չափ իրական, իսկ նրանց համբույրները՝ հեղված արցունքներով...»:
Զեկուցումների ընթերցումից հետո ուսանողները գրքի հեղինակ Նաիրա Փիրումյանից և գրականագետ Անի Փաշայանից ստացան գրքի ստեղծագործական պատմությանը, ընդհանրապես ստեղծագործական պրոցեսին, ժամանակակից գրականությանը և գրողներին վերաբերող իրենց հարցերի պատասխանները:
Բոլոր լուսանկարները տես Պատկերասրահում: