- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր դասախոսը՝ «Դյուցազնագրքի» ռեկորդակիր
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի կողմից «Դյուցազնագիր» է տրվել Նվեր Ղարիբյանին առ այն, որ նա յուրաքանչյուր ձեռքում բռնած 9.800 կգ կցագնդերով կախ դրությունից մինչև ուսագոտի միաժամանակ բարձրացրել է 45 անգամ 30 վայրկյանում. նույն վարժությունը մեկընդմեջ կատարել է 102 անգամ 40 վայրկյանում: Այդ ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուում:
Այդ կապակցությամբ հարցազրույց ունեցանք ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս, աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր (2016), Եվրոպայի եռակի չեմպիոն (2016, 2017, 2018), աշխարհի չեմպիոն (2018), «Դյուցազնագրքի» ռեկորդակիր (2018), ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանի հետ.
- Պարո՛ն Ղարիբյան, ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձակազմի անունից Ձեզ սրտանց շնորհավորում ենք հերթական հաղթանակի առթիվ՝ մաղթելով նոր բարձունքներ Ձեր մարզական ու մարզչական կարիերայում, հաղթանակի բերկրանքը վայելելու բազում առիթներ և շնորհակալություն ենք հայտնում հարցազրույցին մասնակցելու համար:
- Ե՞րբ, ո՞ր մարզաձևում եք դիմում ներկայացրել ռեկորդը պաշտոնապես ձևակերպելու համար, և ե՞րբ է տրվել ռեկորդը հավաստիացնող վկայականը՝ «Դյուցազնագիրը», պարո՛ն Ղարիբյան:
- 2018թ. սեպտեմբերի 16-ին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի նախագահ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովի կողմից գրանցվել է համապատասխան ռեկորդը (ուժային վարժությունից) և հոկտեմբերի 10-ին տրվել է հավաստագիրը:
- Որքա՞ն ժամանակ եք նախապատրաստվել այս ռեկորդին հասնելու համար. հերթական հաղթանակը հե՞շտ տրվեց արդյոք աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր, Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին:
- Այս ռեկորդին հասնելու համար նախապատրաստվել եմ շուրջ երկու տարի: Շատ բարդ էր, քանի որ վարժությունը արագաուժային է, պահանջեց մեծ ջանք ու եռանդ, երկարատև մարզումներ:
- Որպես հաղթական պատվանդանին բազմիցս կանգնած մարզիկ՝ համաձա՞յն եք այն մտքի հետ, թե որքան դժվար է հաղթանակի ուղին, այնքան քաղցր է հաղթանակի բերկրանքը: Ձեր ունեցած բազմաթիվ հաղթանակներից ու ձեռքբերումներից ո՞րն է Ձեզ համար ավելի քաղցր:
- Այո՛, համամիտ եմ, թանկ է այն, ինչը դժվար է ձեռք բերվում, և բարձր արդյունքների հասնելու համար երկարատև ջանքեր են պահանջվում, քրտնաջան աշխատանք, հետևողական մարզումներ: Այդ իսկ պատճառով ցանկացած հաղթանակ թանկ է ինձ համար, քանի որ այդ հաղթանակներին հասնելու համար անցել եմ երկար ու դժվարին ուղի: Ինձ համար շատ կարևոր և սկզբունքային էր ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը իմ երկրորդ մասնակցությունը (2017թ.). առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի 2016 թվականին և անձական քաշով զիջեցի մրցակցիս: Ես խնդիր ունեի ապացուցելու, որ ի զորու եմ հաղթելու, և հաղթեցի՝ դառնալով ուժային եռամարտի՝ Եվրոպայի 2017թ. առաջնության չեմպիոն:
- Մարզական ու մարզչական աշխատանքի հետ կապված՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, մարզական ի՞նչ նոր բարձունքներ կան, որոնք կցանկանայիք նվաճել:
- Ցանկացած մարզիկի համար պատիվ է իր մարզական կարիերայի ընթացքում մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն իմ մարզաձևը (ուժային եռամարտ՝ փաուերլիֆտինգ) դեռևս օլիմպիական մրցաձև չէ: Ես մինչև օրս, կարծում եմ, նվաճել եմ բոլոր տիտղոսները (աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն), և չկա այնպիսի մի առաջնություն, որին մեծ ձգտումով կցանկանայի մասնակցել: Մարզչական գործունեության ընթացքում իմ մարզիկները բազմաթիվ մրցաշարերում նվաճել են հաղթողի կոչումը, ունեմ երեք ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ, երկու ՀՀ սպորտի վարպետ սան, իմ երեք սաները սովորում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մոտ ժամանակներս (2018թ. նոյեմբերի 16-18-ին) իմ մարզիկներից չորսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը:
- Ձեր այս նոր ձեռքբերումը («Դյուցազնագրքի» ռեկորդակիր դառնալը), պարո՛ն Ղարիբյան, ոչ միայն նշանակալի իրադարձություն է մասնաճյուղի ու մարզաշխարհի համար, այլև ոգեշնչման աղբյուր` մեր ուսանողների ու մարզի երիտասարդների համար: Դարձյալ շնորհավորում ենք, մաղթում նոր հաղթանակներ և հարցազրույցին մասնակցելու համար շնորհակալություն հայտնում Ձեզ:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: