- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մոմավառություն՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հոկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված մեր մեծ հայրենակցի՝ ՀՀ Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, մեծագույն հայ Շառլ Ազնավուրի (Շահնուր՝ Վաղինակ Ազնավուրյանի) հիշատակին:
Նախորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, հայոց երկնակամարում խաղաղ հանգավ ամենամեծ և ամենալուսավոր աստղերից մեկը: Անհավատալի է: Կյանքից հեռացավ մի մարդ, որի սիրո քերականությամբ սերունդներ են դաստիարակվել, որին սիրել ենք մանկուց, հետևել նրա արվեստին ու կյանքին, հպարտացել, որ աշխարհում կա իր նման հայի տեսակ, ով ամենուր բարձր է պահել իր հայրենիքի պատիվը:
Մեծն Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառությունը կազմակերպել էին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը և ուսանողական խորհուրդը:
Ելույթ ունեցավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Մարդանյանը՝ նշելով, որ հեռացել է հայ ժողովրդի մեծ որդին, ով պատկանում է Հայաստանին, Ֆրանսիային և ողջ մարդկությանը:
Նա ընդգծեց, որ Ազնավուրը մի անհատականություն է, ով միշտ իր ժողովրդի կողքին է եղել, ով իր հանճարն ու ազդեցությունը օգտագործել է, որպեսզի ողջ աշխարհը նույնպես չմոռանա և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Ազնավուրը մի ողջ տիեզերք է, և այժմ այդ տիեզերքը մեզ հետ է մնացել, սակայն, առանց իր կերտողի:
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիները ազնավուրյան հոգեթով երգերի կախարդական հնչյունների ներքո ներկայացրին նրա կյանքի ու ստեղծագործության մասին, արտասանեցին նրա բանաստեղծություններից:
Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում էի կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում
Եվ փայփայեցի ես այնքա՜ն հույսեր – այդ պատրանքները հօդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում էի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպե՜լ ու սանձե՜լ,
Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց, և ես հևասպառ կանգնել եմ ահա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ «ես»-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրի ժամանակը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ:
Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավա՜ղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքնես քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա:
Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ մասնավորապես նշելով. «Հաղորդակցվելով մեր մեծերին՝ մենք մի քիչ մաքրվում ենք, ձգտում ենք դեպի զարգացման, դեպի կատարելագործման: Այն արժեքները, որոնք ստեղծեց և տվեց Շառլ Ազնավուրը, կմնան մեր բոլորիս մեջ և մեզ բոլորիս հույս և հավատ կներշնչեն է՛լ ավելի պայքարելու, է՛լ ավելի արարելու և ստեղծելու բարություն, սեր և համերաշխություն մեր շրջապատում: Շնորհակալություն բոլորիդ»: