- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2018-19 ուսումնական տարին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:
Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 73 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:
Տոնական միջոցառումը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով ու աղոթքով:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Տավուշի թեմի առաջնորդը մասնավորապես նշեց. «ԵՊՀ ԻՄ հարգելի՛ տնօրենի պաշտոնակատար, սիրելի՛ դասախոսական կազմ, շատ սիրելի՛ ուսանողություն, աշակերտություն, միանալով բոլոր շնորհավորանքներին, ձեզ մի խնդրանք-հորդոր ունեմ. ձեր ողջ ուսումնական տարին մնացեք այնպես գեղեցիկ, ինչպես այս առաջին օրն եք՝ հոգով, մտքով և ձեր արտահայտությամբ: Սիրելի՛ ուսանողներ, չափազանց կարևոր առաքելություն ունեք դուք այսօր. մենք՝ Տավուշ աշխարհը, սահմանների անվտանգության երաշխավոր է ոչ միայն զենքով, զինականությամբ, այլև հատկապես ձեր ուսումնառությամբ, լավագույն որակներով կրթության, ձեր բարձրագույն արժեքների ձգտումով: Չսպառե՛ք, չվատնե՛ք ձեր ժամանակը, այն դարձրե՛ք արդյունավոր, պտղաբեր, հավաքե՛ք, ամբարե՛ք ձեզ համար այն ամենը, ինչը կտրվի ձեզ համալսարանական կյանքում, վայելե՛ք կյանքը համալսարանական լիուլի, բայց զգացե՛ք նաև այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր միջոցով կոչված է մեր կյանքը բարեփոխվելու, և շարժիչ ուժը, միջոցը, խթանը դուք եք...»:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ բոլոր համալսարանականներին՝ առաջին կուրսեցիներին, դասախոսներին, ուսանողներին, բուհի մյուս աշխատակիցներին, հյուրերին, շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բոլորին մաղթեց համարձակություն, ջանք, եռանդ՝ հաջողությունների հասնելու ճանապարհին.
«...Մեծագույն չարիքի պատճառ հանդիսացող ծուլությունը թո՛ղ բոլորիցս դուրս գա: Պատկերացրեք, որ եթե չլիներ ծուլությունը, չէր լինի աշխարհի վրա աղքատ և անկիրթ մարդ...: Ես, ևս մեկ անգամ շնորհավորելով, բոլորիս ցանկանում եմ եռանդ, կամք, համարձակություն, աշխատենք, դրսևորվենք, հասնենք այն նպատակներին, որ յուրաքանչյուրս մեզ համար դրել ենք: Շնորհակալություն»:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:
Առաջին կուրսեցիներին ամենալավն ու բարին մաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանը: Որպես ավագ կուրսի ուսանող՝ Տիգրանը գիտելիքի բանալին հանձնեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանին:
Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:
Տոնական միջոցառումը շարունակվեց գրական-երաժշտական գեղեցիկ կատարումներով:
Բուհի շնորհալի ուսանողներն իրենց ընկերներին ու դասախոսներին շնորհավորեցին բարեհունչ ասմունքով, երգ ու պարով:
Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին լսարաններ, նրանց ծանոթացրին բուհի առօրյային, ներկայացրին գործող ամբիոններն ու ստորաբաժանումները: