- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Արցախի պետական համալսարանի ուսանողների եռօրյա այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. օգոստոսի 11-ին Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ ժամանեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Մեկ ամիս առաջ Արցախի պետական համալսարանը (ԱրՊՀ) կազմակերպել էր «ԱրՊՀ-2018» միջազգային ուսանողական ճամբար, որին մասնակցել էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երեք ուսանողներ:
Մեր բուհի և ԱրՊՀ ուսանողների ծանոթությունը մի քանի օրում վերածվեց շատ ջերմ մտերմության, և ճամբարի մասնակիցներն առաջարկեցին բուհի ղեկավարությանը ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կազմակերպել ճանաչողական այց Իջևան՝ պատրաստակամություն հայտնելով նրանց հյուրընկալել իրենց բնակարաններում:
Մի քանի օրվա ընթացքում ԵՊՀ ԻՄ ՈԻԽ-ի մի խումբ ակտիվ անդամներ կազմեցին միջոցառումների ծրագիր, դիմեցին մարզի մի շարք կազմակերպությունների և կյանքի կոչեցին «ԱրՊՀ ուսանողների ճանաչողական այց Իջևան» ծրագիրը:
Հյուրերին դիմավորեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական Արման Եգանյանը, դասախոս Սլավիկ Ալավերդյանը և ուսանողական խորհրդի ակտիվ անդամները: Նրանք հյուրերին պատմեցին մասնաճյուղի պատմությունը, ձեռքբերումները, էքսկուրսիա կազմակերպեցին կրթօջախի տարածքում, այնուհետև տեղավորեցին իրենց բնակարաններում:
3 օրվա ընթացքում հյուրերի հետ մշտապես գտնվում և բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում էին ՈՒԽ-ի նախագահ Տիգրան Չիբուխչյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը, Արցախի ճամբարի մասնակիցներ Շիրակ Գասպարյանը, Գերասիմ Ալավերդյանը, Արգիշտի Մարգարյանը, ՈՒԽ-ի նախագահության անդամներ Լուիզա Մադաթյանը, Լիանա Ներսիսյանը, Մարգարիտ Թամրազյանը, ՈՒԽ-ի ակտիվ անդամներ Սաթենիկ Հարությունյանը, Մերի Պետրոսյանը, Իրինա Փիրումյանը, Մարիամ Մելիքսեթյանը, Ջավահիր Մնացականյանը, Նվարդ Մելիքսեթյանը և Լավրենտ Նազարյանը:
Օգոստոսի 12-ի առավոտյան տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի հետ, որի ժամանակ հյուրերը ներկայացրին ԱրՊՀ-ի կառուցվածքը և գործունեությունը, քննարկվեցին երկու բուհերի և նրանց ուսանողական կառույցների համագործակցության հնարավորությունները:
Այնուհետև նրանք ակտիվորեն մասնակցեցին Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ծրագրին:
Արցախցի երիտասարդները ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ մասնակցեցին Բադմինթոնի ցուցադրական մրցաշարին՝ մրցելով միմյանց և պրոֆեսիոնալ մարզիկների հետ։
Հյուրերը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տարածքում կազմակերպված միջոցառումներին, ծանոթացան Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի միջազգային բարձրագույն կրթական և երիտասարդական շարժունակության հատվածներին, «Մշակութային խճանկարին», «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդեսին, թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինային, որի ժամանակ արցախցի ուսանողներից մեկը պարգևատրվեց խորհրդանշական նվերով։
Օրվա վերջում կայացած տոնական համերգից հետո խումբը խնջույք ունեցավ Իջևանի «ԴՈԿ» հյուրանոց-ռեստորանում:
Հաջորդ օրը միջհամալսարանական ակտիվ խումբը ուղևորվեց Ենոքավանի հարևանությամբ գտնվող «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտի: Ուսանողները անտառի միջով հետիոտն քայլեցին ավելի քան 3 կմ, տեսան գեղատեսիլ ջրվեժը և հանգստյան գոտու հետաքրքիր փայտե շինությունները: Կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի հաղթողները ստացան պատվոգրեր:
Օրվա վերջում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կազմակերպվեց երաժշտական-պարային երեկույթ:
Օգոստոսի 14-ին խմբին միացան ԱրՊՀ ևս 6 ուսանողներ, ովքեր հանգստանում էին Դիլիջանում: Բոլորը նախ այցելեցին Իջևանի դենդրոպարկ, ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերին և թփերին, ապա այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացան պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշներին, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոներին, մշակույթի նմուշներին, տարազին:
Այնուհետև խումբն այցելեց Մակարավանք, ծանոթացավ վանական համալիրի պատմությանը և ճարտարապետությանը, որից հետո ճաշեց Աչաջուր գյուղի հուշաղբյուրներից մեկում:
Արցախ մեկնելուց առաջ հյուրերին ԵՊՀ ԻՄ-ի կողմից գրքեր նվիրեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:
Հյուրերը շատ էին տպավորվել ԵՊՀ ԻՄ-ի ընդունելությամբ, կազմակերպված միջոցառումներով, Իջևանի բնությամբ և մշակութային կոթողներով, որոնք նման են Արցախի բնությանը և կոթողներին: Երկու բուհերի ուսանողները խոստացան, որ կշարունակեն համագործակցությունը, և փոխադարձ այցերը կլինեն հաճախակի:
Ծրագրի իրականացնմանը մեծապես աջակցել են Իջևանի քաղաքապետարանը, Աչաջրի գյուղապետարանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստև» մասնաճյուղը, «Արդշինբանկ» ՓԲԸ Իջևանի մասնաճյուղը, «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտին: