- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Իջեւանը պաշտոնապես դարձավ Հայաստանի 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Սիսիան, Ստեփանավան, Գյումրի, Չարենցավան... Սրանք նախորդ չորս տարիներին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դարձած համայնքներն են։ Բաղձալի հերթը հասավ նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանին, որը պաշտոնապես դարձավ Հայաստանի 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք։
Երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական արարողությանը ելույթի խոսք ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: Նա շնորհավորեց Իջեւան քաղաքին, համայնքապետարանին ու հասարակական կազմակերպությունների ակտիվ երիտասարդներին։
«Դուք ջանք չխնայեցիք, որ Իջեւանը դառնա այս տարվա երիտասարդական մայրաքաղաք։ Արդեն հինգերորդ տարին է, որ մենք ունենք Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք։ Երիտասարդներին ու հասարակական կազմակերպություններին մաղթում եմ մեծ նախաձեռնություններ, քանի որ այս ծրագիրը հնարավորություններ է տալիս։ Ցանկությունս մեկն է՝ այն ծրագրերը, որոնք նախարարությունը նախատեսում է իրականացնել Իջեւանում, լինեն մասնակցային»,- նշեց Թամարա Թորոսյանը։
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցչի կողմից շնորհակալագրեր տրվեցին համահայտատու կազմակերպություններին՝ «Տավուշի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ որպես առաջին համահայտատու կազմակերպություն, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջեւանի մասնաճյուղին՝ որպես երկրորդ համահայտատու կազմակերպություն, եւ Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանին՝ որպես հայտի պատրաստման պատասխանատուի։ Վերջինս եւս հանդես եկավ ելույթով։
«Իջեւանի՝ այս տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակումը հրաշալի հնարավորություն է մեր քաղաքի, ինչպես նաեւ երիտասարդության համար։ Մենք ունենք ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներ, գաղափարներ ունեցող եւ դրանք կյանքի կոչել ցանկացող մարդիկ։ Մայրաքաղաք Երեւանից հեռու ծրագրերի իրականացման գլխավոր կենտրոնը դառնում է Իջեւանը։ Մեզ այդպիսի մեծ հնարավորություն է ընձեռվել»,- ասաց Լիլիթ Ղալումյանը։
Իջեւանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետը կարճ ներկայացրեց, թե ինչի արդյունքում Իջեւանը դարձավ երիտասարդական մայրաքաղաք. «Դա համայնքապետարանի եւ երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ու համատեղ աշխատանքի արդյունք էր։ Հանձնաժողովին հնարավոր եղավ համոզել, ցույց տալ մեր քաղաքի բոլոր հնարավորությունները եւ զարգացման նախագծերը, ինչն էլ դարձավ հաղթանակի գրավականը»։
Միջոցառման մասնակիցներին Լիլիթ Ղալումյանը հավաստիացրեց, որ տարեվերջին, երբ կհավաքվեն՝ ամփոփելու արդյունքները, բոլորը կարձանագրեն, թե ինչպիսի առաջընթաց է գրանցել Իջեւանը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք. «Արդեն համագործակցության մի քանի հուշագրեր են ստորագրվել, ինչը հույս է ներշնչում, որ միջոցառումների պակաս չի զգա երիտասարդական մայրաքաղաքը։ Կյանքի կկոչվեն բազում ծրագրեր՝ նվիրված երիտասարդների առողջ ապրելակերպին, բնապահպանական խնդիրներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը»։
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը, որին մասնակցում էին տեղի պարային ու երաժշտական համույթները։
Հ.Գ.։ 2017 թվականի սեպտեմբերի 4 ին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն փորձագիտական գնահատման եւ sms հաղորդագրության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Տավուշի մարզի Իջեւան քաղաքը:
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացմանը, երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ ու գործընկերային հարաբերությունների ակտիվացմանն ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում։
Պատկերասրահ՝ Իջևանն ազդարարվեց 2018 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք
Աղբյուրը՝ http://www.erit.am