- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին՝ մասնակցելով հուշահամալիրի մոտ մարզի հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից կատարվող ոգեկոչման արարողությանը:
Ապա նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:
Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:
Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:
Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:
Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:
Սակայն մինչև այսօր ոճրագործի` Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանություն–ոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն` չկա ոճիր, ուստի չկա նաև պատիժ:
Մինչդեռ հայն ապրում է՝ հիշելով իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը, հիշում է` պահանջելով Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում: Հայը «հիշում է և պահանջում»: