- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում տեղի ունեցավ մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21) նվիրված բաց դաս, որը նախաձեռնել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ալիսա Հասանյանը՝ նույն կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանի պատասխանատվությամբ:
Ուսանողները հանդես եկան հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններով, հայ և այլազգի մեծերի ասույթներով ու ստեղծագործական շարադրություններով՝ հաստատելով այն հիմնական գաղափարը, որ մայրենի լեզուն մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստն է», «մեր ժառանգության մեծագույն գանձը»:
Այնուհետև ներկայացվեց փետրվարի 21-ը որպես Մայրենի լեզվի միջազգային օր ճանաչելու պատմությունը: Մասնավորապես նշվեց, որ 1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։
1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։ Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։
Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված է հուշարձան։
Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակում է Մայրենի լեզվի միջազգային օր։
Բաց դասի վերջում ելույթ ունեցավ Ալիսա Հասանյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով մայրենի լեզվի դերն ու նշանակությունը, կոչ անելով սրբությամբ պահել ու պահպանել այն: