Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց, ուսանողներին՝ մեծ կամք և նպատակասլացություն գիտելիքների ամբարման ճանապարհին, դասախոսներին՝ անսպառ եռանդ և հետևողականություն ուսուցման գործընթացում:
Այսօր մեծ տոն է բոլոր համալսարանականներիս՝ դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատողների և հատկապես առաջին դասարանցիների ու կուրսեցիների համար, ովքեր նոր են ձեռք բերելու կրթության՝ բոլոր դռները բացող բանալին, նոր են մուտք գործելու կրթական հաստատություն:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր հարազատ կրթօջախ՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, թո՛ղ բարի լինի ձեր մուտքը և ուսումնառության հետագա ամբողջ ընթացքը մեր համալսարանում, եղե՛ք ուսումնատենչ, նախաձեռնող ու նպատակասլաց….
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հասարակություն առաջընթաց է ապրում ու զարգանում գերազանցապես ձե՛ր՝ երիտասարդների շնորհիվ: Ինչպես գրավոր լեզվի միջոցով մարդկությունը հաղորդակցվում է իրենից առաջ կերտված պատմությանն ու մշակույթին և հետագա սերունդներին փոխանցում իր ստեղծած մշակույթն ու արժեքները, այնպես էլ կրթության, գիտության, ազգային ինքնաճանաչողության միջոցով երիտասարդ սերունդը, հանդես գալով որպես անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևորագույն օղակ, ապահովում է հասարակության առաջխաղացումը…. Ուրեմն, սիրելի՛ ուսանողներ, եղեք ջերմեռանդ կրողն ու տարածողը նորարար գաղափարների ու հետաքրքիր մտահղացումների և իհարկե շարունակողն ու պահպանողը ձևավորված լավագույն ավանդույթների, ազգային և համամարդկային արժեքների:
Վստահեցնում եմ ձեզ (շուտով առաջին կուրսեցիներն էլ դրանում կհամոզվեն), որ մեր հեղինակավոր բուհում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որակյալ կրթություն ստանալու, բարձր մրցունակությամբ և աշխատաշուկայում պահանջված մասնագետներ դառնալու համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ու միջավայր՝ առաջնակարգ պրոֆեսորադասախոսական, պատասխանատու և հոգատար ուսումնաօժանդակ և վարչական կազմերով, ուսանողակենտրոն միջավայրով, նյութատեխնիկական ռեսուրսներով և կահավորմամբ:
Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով բարի ուսումնական տարի, բեղուն և արդյունավետ գործունեություն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,
ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան