2024 թ. հոկտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ տեղեկատվական հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լ. Խառատյանը՝ ընդհանուր գծերով անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, ընդգծելով վերջինիս դերն ու կարևորությունը տարածաշրջանում, առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին ներկայացնելով հանդիպման մասնակիցներին: 

Այնուհետև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մ. Ռիտերը ներկայացրեց առաքելության հիմնական նպատակը, խնդիրները և գործառույթները: Մասնավորապես նշվեց, որ 209 աշխատակիցներից բաղկացած անձնակազմը (165 միջազգային, 44 տեղացի) իրականացնում է հետևյալ 3 առանցքային գործառույթները․

  • դիտարկել և զեկուցել անվտանգային իրադրության մասին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում,

  • նպաստել հակամարտության ազդակիր տարածքներում բնակվող մարդկանց անվտանգության ապահովման գործին,

  • նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Այնուհետև հանդիպման մասնակիցները պարոն Մ. Ռիտերից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք գլխավորապես վերաբերում էին տարածաշրջանի կայունության և խաղաղության ապահովման գործում դիտորդական առաքելության և առհասարակ Եվրոպական միության ունեցած մեխանիզմներին ու ձեռնարկած քայլերին: 

Նաև նշվեց, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը Հայաստանում 2 տարի է. կավարտվի 2025 թ. սկզբին, և երկարաձգվելու դեպքում կտևի մինչև 2027 թ. փետրվարը: Իբրև ամփոփում՝ պարոն Մ. Ռիտերն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունն անկողմնակալ, քաղաքացիական և անզեն առաքելություն է, որի միակ նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելն է:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: