Արդեն 9 տարի անընդմեջ հունվարի 25-ին Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (ԳՄՌԿ) Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավորությամբ նշում է Ուսանողության օրը («Татьянин день»):
Այդ միջոցառման շրջանակներում իրականացվում է արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթողների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ռուսաստանյան և հայաստանյան բուհերի՝ ուսման մեջ առաջադեմ և հասարակական գործունեությամբ ակտիվ ուսանողներն արժանանում են հավաստագրերի և խրախուսական նվերների:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, լավագույն ուսանող ընտրելու Երևանի ԳՄՌԿ առաջարկին ի պատասխան, առաջադրել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հարությունի Դարբինյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության ուսանողների մեջ նրա ցուցաբերած բարձր առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:
2025 թվականին լավագույն ուսանողների կոչմանն արժանացան մայրաքաղաքի և մարզերի 17 բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Մարիամ Դարբինյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի հաղթողի մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը նշանակալից իրադարձություն էր ուսանողների համար և միտված էր խրախուսելու նրանց ձեռքբերումները:
Միջոցառումն անցկացվեց բարձր մակարդակով, մասնակցեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Գյումրիի Ռուսական տան ղեկավար Ա. Բերյանևը, դասախոսներ և ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրիի Ռուսական տան ղեկավար Անտոն Վիկտորի Բերյանևը: Նա շնորհավորեց հաղթողին, ընդգծեց ուսանողների ներդրումը միջմշակութային երկխոսության զարգացման գործում և Ռուսական տան կողմից Մարիամ Դարբինյանին հանձնեց հուշանվեր:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը՝ կարևորելով ուսանողների նման ձեռքբերումները բուհի զարգացման գործում: Նա նշեց, որ դրանք ոչ միայն նպաստում են տվյալ ուսանողի մասնագիտական աճին, այլև օրինակ են ծառայում մյուս ուսանողների համար: Տնօրենը Մարիամին հանձնեց հավաստագիր և մաղթեց հետագա հաջողություններ ուսման մեջ և գիտական աշխատանքում:
Մ. Դարբինյանին շնորհավորական և խրախուսական խոսք ասացին ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ելենա Շուվաևան և նույն ամբիոնի դոցենտ Մարատ Զուրաբյանը՝ ընդգծելով շնորհալի ուսանողներին ոգեշնչելու և աջակցելու կարևորությունը, Մարիամին մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական կարիերայում: