2025 թ. ապրիլի 26-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց «Առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններ և դրանցում ընդգրկված ամսագրերում տպագրվելու ընթացքը և պահանջները» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել է Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժինը:
Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենության, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի անդամներ, այն վարում էր «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու խմբագիր, փ.գ.թ. Աշոտ Գևորգյանը:
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեց, թե ինչու են Scopus-ը, Web of Science-ը, Google Scholar-ը և մյուս խոշոր շտեմարանները դարձել գիտության «համաշխարհային քարտեզը»՝ կարգավորելով գիտական հաղորդակցության որակը, թափանցիկությունը և ազդեցությունը: Բացատրվեց, թե ինչպես են ձևավորվում ու հաշվարկվում CiteScore-ը, Impact Factor-ը և h index-ը, ինչու են դրանք փոխարինում միմյանց տարբեր հետազոտական ոլորտներում և ինչ սահմանափակումներ ունեն, երբ փորձում ենք այդ թվերը «թարգմանել» գիտական արժեքի լեզվով:
Անդրադարձ կատարվեց նաև շտեմարանների ներքին կառուցվածքին, թե ինչ կերպ է ամսագիրը ստանում վավերագրում, ինչ փուլեր է անցնում՝ նախնական ինդեքսացումից մինչև շարունակական վերահսկողություն, և ինչու են որոշ թարմ ամսագրեր արագ ձեռք բերում բարձր քվարտիլ, մինչդեռ հին հրապարակումներ երբեմն դուրս են մնում ցուցակներից: Ներկայացվեց կարևոր բաժիններից մեկը՝ «գիշատիչ» (predatory) հրատարակիչների տարանջատումը: Բացատրվեց, թե ինչ ազդակներով կարելի է տարբերել կասկածելի հրատարակչական հարթակը հեղինակավոր հանդեսից, ինչ է նշանակում «կեղծ» ISSN կամ թղթակցման չափազանց արագ շրջանառություն, և ինչ է Beall’s List-ը:
Վերապատրաստման շրջանակներում հաջորդիվ անդրադարձ կկատարվի առաջատար ամսագրերի կողմից հոդվածներին ներկայացվող նվազագույն պահանջներին (հետազոտության էթիկայից ու տվյալների թափանցիկությունից մինչև տեքստի կառուցվածք), լեզվական խմբագրմանը և բաց հասանելիության քաղաքականություններին: Կներկայացվեն «ուղեկցող նամակ»-ի առանցքային դերը, գրախոսությունների տարբեր մոդելները և այն գործնական հնարքները, որոնք կրճատում են «revise & resubmit» փուլերի թիվը: Կքննարկվի ամսագրերի APC (Article Processing Charge) վճարների և դրանց իրատեսական գնահատման խնդիրը, թե երբ է վճարը ներդրում, և երբ է դա պարզապես միֆ, բյուջե կազմելու կամ զեղչերից օգտվելու ինչ տարբերակներ կան:
Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի ամսագրի ընտրության, մեթոդաբանական համապատասխանության կամ լեզվական խմբագրման վերաբերյալ խորհրդատվություն: