2025 թ․ հունվարին Հայաստանի, Ղրղզստանի, Սլովենիայի, Գերմանիայի և Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ERASMUS Lump Sum Grant («Էրազմուս Լամփ Սամ Գրանտ») ծրագրի շրջանակներում մշակել և ներկայացրել են DIGITECH («Դիջիթեք») նախագիծը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Ս․թ․ հուլիսի 15-ին ամփոփվել են արդյունքները, որոնց համաձայն՝ DIGITECH նախագիծը հաստատվել և հավանության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար նախատեսված գումարը 94․383 եվրո է:
Նախագծի գլխավոր նպատակն է բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ։ Այն համապատասխանում է թվային փոխակերպման, կանաչ տեխնոլոգիաների և բաց մուտքի վերաբերյալ ԵՄ քաղաքականությանը՝ ապահովելով երկարաժամկետ ազդեցություն և կայունություն:
DIGITECH նախագիծը միտված է լուծելու կրթական արդյունքների և աշխատաշուկայի պահանջարկների միջև անհամապատասխանությունը Ղրղզստանում, Հայաստանում և Վրաստանում՝ տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացման գործող ուսումնական ծրագրերում ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ («Մեծ տվյալներ», մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն): Նախագիծն ուղղված է կրթության որակի, շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը՝ նրանց զինելով տեխնոլոգիական գործընթացների թվայնացման և արտադրության ոլորտում առաջադեմ հմտություններով, միաժամանակ արդիականացնելով ուսուցման մեթոդաբանությունները, խթանելով ակադեմիական աշխարհի և արդյունաբերության միջև ավելի սերտ համագործակցությունը:
Ծրագիրն ընդգրկում է բակալավրի կրթական ծրագրերի թարմացում, շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մշակում և «Թվային երկվորյակներ» տեխնոլոգիական լաբորատորիաների ստեղծում մասնակից բուհերում: Նախագծում կարևոր դեր է հատկացված ներառականությանը՝ նպատակ ունենալով հավասար հնարավորություններ ստեղծելու կանանց, անապահով խմբերի և հեռավոր շրջանների ուսանողների համար:
Եվրոպական համալսարանների և ոլորտի առաջատարների հետ համագործակցության միջոցով նախագիծը կներդնի լավագույն փորձը, կբարելավի դասավանդողների վերապատրաստումը և կխթանի կայուն տնտեսական զարգացումը: Միջազգային համագործակցության և գիտելիքների փոխանցման միջոցով այն կստեղծի ամուր կրթական հարթակ՝ նպաստելով մասնակից երկրների տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացին:
DIGITECH նախագծի հաստատման կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մասնակից կողմերին՝ ցանկանալով բարի ընթացք, փոխշահավետ համագործակցություն և գոհացնող արդյունքներ: