2025 թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Անգլերեն և գրականություն», «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրերի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության հայերեն ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանի նախաձեռնությամբ:

Նախ ներկայացվեց, որ 40 տարի առաջ՝ 1985 թվականին, ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 5-ը հռչակվեց Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման:  Այս որոշմամբ կամավորական կազմակերպություններին և կամավորներին հնարավորություն տրվեց առավել տեսանելի դարձնելու տեղական, ազգային, միջազգային մակարդակներում իրենց ներդրած ջանքերն ու գործունեությունը:

Ընդգծվեց, որ ԵՊՀ ԻՄ գործընկեր «Հայ կամավորական ցանց» կազմակերպության ընձեռած հնարավորություններին միանալով՝ մասնաճյուղի երեք տասնյակից ավելի ուսանողներ այս և նախորդ ուսումնական տարիներին կամավորական ծառայություն են մատուցել ոչ միայն այլ ֆակուլտետների ուսանողներին, այլև իրենց ու Հայաստանի այլ համայնքների դպրոցականներին:

ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը շնորհավորեց ուսանողներին, իր ելույթում կարևորեց նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին՝ նշելով, որ դա նպաստում է ուսանողների՝ որպես պատասխանատու քաղաքացի ձևավորվելուն:

Ելույթ ունեցավ նաև Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը՝ ուրախությամբ նշելով, որ ինքն էլ է որպես կամավոր միացել «Հայ կամավորական ցանց» կրթական կազմակերպությանը և հայերեն է սովորեցնում Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցներին:

Հանդիպման վերջում Էմմա Թեմրազյանը «Հայ կամավորական ցանց» կազմակերպության կողմից շնորհակալագրեր հանձնեց մասնաճյուղի բոլոր կամավորներին և մեկ անգամ ևս շեշտեց, որ նրանք ազգանվեր գործ են կատարում՝ հայրենակիցներին տալով ամենաարժեքավորը՝ իրենց ժամանակն ու գիտելիքները:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: