2025 թ. հոկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի «Ամերիկյան» ընթերցասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Սիրանուշ Հովհաննիսյանի և ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Դիանա Սարգսյանի հեղինակած «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ներկայացնելով հեղինակների կենսափորձառությունը, հետազոտական աշխատանքների ուղղվածությունը: Վ․ Պողոսյանը, «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» գրքի նշանակությանն անդրադառնալով, նշեց, որ գիրքը ոչ միայն կիրառական է հեքիաթամեկնության տեսանկյունից, այլև բացում է հեքիաթի և այլաբանական խոսքի տարբեր շերտեր՝ հաճախ դառնալով հեքիաթացված հերոսների կենսափորձառության նմանօրինակման միջոց. «Հեքիաթի լեզուն, նրա ներքո պարփակված տարասեռ ընկալումները, ինչպես նշում էր Ֆերդինանդ դը Սոսյուրը, ներկայանում են որպես նշանային համակարգ, որոնք ունեն հոգեբանական ենթաշերտեր»:
Գրքի համահեղինակներ Ս․ Հովհաննիսյանը և Դ. Սարգսյանը հանդես եկան «․․․Եվ խոսեց հեքիաթը» բանախոսությամբ՝ մասնավորապես նշելով, որ գրքի շուրջ աշխատանքները եղել են բավականին երկարատև, հաճախ մեկ բառի կամ մեկ նախադասության առնչությամբ ունեցել են տարակարծություններ: Հեղինակները շեշտեցին, որ ուսումնական ձեռնարկի առաջին մասում ներկայացված են հեքիաթաթերապիայի վերաբերյալ հոգելեզվաբանական և ստեղծագործական հոգեբանության մոտեցումները, հեքիաթի միջոցով տարվող հոգեբանական աշխատանքի բնույթն ու առանցքային կողմերը: Ձեռնարկի երկրորդ մասը հեղինակային հեքիաթներ են՝ ուղղված անձնային աճի, ապրումների ճանաչման և կարգավորման, միջանձնային հարաբերությունների ու գոյաբանական տարատեսակ ճգնաժամերի կարգավորմանը և հաղթահարմանը: Բանախոսները նաև նշեցին, որ ձեռնարկը նախատեսված է հոգեբանության, հոգեթերապիայի, հոգելեզվաբանության ոլորտի մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են հեքիաթներն օգտագործելու անձնական աճի և ինքնաճանաչման տեսանկյունից:
Նոր գրքի հրատարակման առթիվ իր շնորհավորանքի խոսքն ասաց ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակներին․ «Հեքիաթը մեր մանկությունն ու մեր առաջին կենսափորձն է, հոգեկան աշխարհի ձևավորման, նույնականացման միջոցը, որտեղ բոլորը համեմատվում են, հեքիաթներում գտնում ենք մեր իդեալական հերոսներին ու հակահերոսներին»: Տնօրենը նշեց, որ ողջունելի են նմանօրինակ միջոցառումների իրականացումը և հատկապես դրանցում ուսանողների մասնակցության ակտիվությունը, որը գրքի պահանջվածության և անհրաժեշտության ցուցիչն է:
«Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» գրքի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ.գ.թ. Ռ. Աղուզումցյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ․ Ավագյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի այլ անդամներ: