2026 թ. փետրվարի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Ռուս-հայկական համալսարանի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր, ման¬կա¬վարժական գիտությունների դոկտոր Իննա Սարգսյանը:
Թեզերն իրականացվել էին ըստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի: Աշխատանքներում արտացոլված էին ուսանողների ինքնուրույն հետազոտական և վերլուծական կարողությունները, գիտական խնդիրներ վերհանելու և նոր լուծումներ առաջադրելու հմտությունները:
Պաշտպանությանը մասնակցել է 17 ուսանող, որոնցից 12-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ»:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքով՝ պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները:
Հանձնաժողովը բարձր է գնահատել աշխատանքների ներկայացման մակարդակը, ուսանողների գրագետ բանավոր խոսքը, իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու նրանց կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը և այլն: Նշվել է, որ պաշտպանության ընթացքում հնչել են հասուն պատասխաններ՝ պայմանավորված ոչ միայն ուսանողների բարձր կազմակերպվածությամբ, այլև դասավանդողների կողմից իրականացված աշխատանքով:
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է աշխատանքներում ընդարձակել հետազոտական մասը, իսկ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման նպատակով՝ ավելի սերտացնել դպրոց-բուհ կապը, քանզի տվյալ մասնագիտացման առաջնահերթ պահանջը դրա առավել ամրապնդումն է:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներին և նրանց ցանկանում շարունակական առաջընթաց, մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ, ամենայն բարիք: