Erasmus+ ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ էր այցելել Պրեշովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ռուսիստիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լյուբոմիր Գուզին:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրեն Մ․ Մ․ Օթարյանի, տնօրենի խորհրդական Ա․ Հ. Մակարյանի և ծրագրի համակարգող, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Ս․ Մ․ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման Erasmus+ ծրագրի հետագա զարգացման հարցերը:

Հանդիպումներ կայացան նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն․ Գրիգորյանի և գիտական քարտուղար Մ. Աթոյանի հետ:

​Այցի ընթացքում պրոֆեսոր Գուզին դասախոսություն կարդաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 1-ին, 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար: Դասախոսությունը նվիրված էր Պ․ Դ․ Բոբորիկինի «Կիտայ-գորոդ» վեպում առևտրական-վաճառականական մտածելակերպին ու կենցաղին, ինչպես նաև ժամանակակից ռուս գրականության մեջ այդ երևույթների պատկերման միտումների հետ դրանց համեմատությանը:

​Պրոֆեսորն անդրադարձավ Պյոտր Բոբորիկինի կյանքին ու ստեղծագործական ուղուն՝ ընդգծելով նրա առանձնահատուկ տեղն ու դերը ռուս գրականության պատմության մեջ: Դասախոսության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց «Կիտայ-գորոդ» վեպի բառապաշարային առանձնահատկություններին, այդ ժամանակաշրջանի Մոսկվայի պատմամշակութային կերպարին և ստեղծագործության հիմնախնդիրների վերլուծությանը՝ ժամանակակից գրականագիտական հայեցակարգերի համատեքստում: Դասախոսությունն ուղեկցվեց մասնագիտական ակտիվ քննարկումներով:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: