2024 թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրում էր տոնական տրամադրություն. 2023-2024 ուստարվա 281 շրջանավարտներին (առկա ուսուցման 168 և հեռակա ուսուցման 113) դեպի մեծ կյանք ճանապարհելու առթիվ կազմակերպվել էր ավարտական հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:
Հանդիսավոր միջոցառումը, որը համալրում էր ԵՊՀ ԻՄ 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, ուղեկցվում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ այս և նախորդ տարիների շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երգ-երաժշտությամբ (Իջևանի երաժշտական դպրոցի համույթի, ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Լիլիթ Թորոսյանի կատարմամբ):
Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով:
Ավարտական միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում շրջանավարտներին բարի երթ մաղթեցին, շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը, մասնաճյուղի այս տարվա գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, 2023 թվականին ԵՊՀ ԻՄ լավագույն ուսանող ճանաչված Իննա Հարությունյանը:
Նախքան դիպլոմների հանձնումը ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը աղետի գոտում բնակիչներին ցուցաբերած աջակցության ու կամավորական աշխատանքների իրականացման համար շնորհակալագրերով պարգևատրեց ԵՊՀ ԻՄ երկու տասնյակ աշխատակիցների և ուսանողների:
Աղետի գոտում բնակիչներին ցուցաբերած աջակցության, կամավորական աշխատանքների իրականացման ու համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մհեր Մերուժանի Օթարյանը:
Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը, Տավուշի մարզպետը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները:
Միջոցառման երկրորդ մասը՝ շրջանավարտների ավարտական երեկույթը, ֆոտոնկարահանումներով, երաժշտությամբ և հյուրասիրությամբ շարունակվեց Տավշո չքնաղ բնության գրկում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում։
Միջոցառման առաջին մասի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ, 2-րդ մասի լուսանկարները՝ այստեղ:
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: