Ինչպես նախորդ ուստարիների, այնպես էլ այս ուսումնական տարվա սկզբում՝ 2024 թ. սեպտեմբերի 26-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգողներ Արևիկ Պռազյանի և Հասմիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողները:
Հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի, առկա հնարավորությունների, դիմելու կարգի, բնագիտամաթեմատիկակական ուղղվածությամբ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի մասին:
Ընդգծվեց, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցներն օգտվում են մի շարք արտոնություններից.
ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի) և կրթաթոշակ,
դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:
Հանդիպման մասնակիցները ծանոթացան ՏՏ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրին՝ «Tech4Armenia»-ին, որը հատուկ համագործակցություն է ծրագրավորման ոլորտում արդեն իսկ աշխատող մասնագետների համար:
Հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին և հրավիրեցին մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ամենաուսանողական միջոցառմանը՝ Ուսանողական ֆեստին: