- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Լ. Լաճիկյանի եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Միջոցառմանը մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը՝ ընդհանուր գծերով ներկայացնելով պատկերագիրքը, ինչպես նաև հեղինակի հարուստ ստեղծագործական կենսագրությունից դրվագներ: Մասնավորապես նշվեց, որ «Պոլիսը՝ հին և նոր» եռալեզու պատկերագիրքը տպագրվել է Կ. Պոլիս-Ստամբուլում և ընդգրկում է ավելի քան 100 գծանկար՝ ստեղծված 10 տարվա ընթացքում:
Կենսագրական փաստերից հատկանշական են, որ Լ. Լաճիկյանի՝ շուրջ 2 տասնյակ գիտական հոդվածները լույս են տեսել հայրենի ու արտերկրի հայագիտական հանդեսներում («Բազմավեպ», «Հանդես ամսօրյա» և այլն) և հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք»): Հազարից ավելին են հաշվում Լ. Լաճիկյանի քննախոսական ու արվեստաբանական հոդվածները, որոնց ընտրանին լույս է տեսել 2004 թ. գրքի («Անլույս օրերի ոգեղեն ղողանջները») տեսքով: Հեղինակի մյուս գրքերը՝ հայերեն ու անգլերեն, տպագրվել են Երևանում և Նյու Յորքում: Շուրջ 2 տասնամյակ է, ինչ պարոն Լաճիկյանը արվեստաբանությանը զուգահեռ նաև ստեղծագործում է գծանկարչության բնագավառում: Նա արդեն 19 անհատական ցուցահանդես է կազմակերպել իր ծննդավայր Գյումրիում, Գորիսում, Երևանում, Ստամբուլում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում և այլուր:
Ուրախալի է, որ Լ. Լաճիկյանի վաստակը նաև գնահատվել է հավուր պատշաճի. նա պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի և ԵՊՀ Ոսկե մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով:
Շնորհանդեսի ընթացքում «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագրքից Սփյուռքի ու հայրենի մշակութային գործիչների կողմից Լ. Լաճիկյանի արվեստի մասին ասված մի քանի վկայություններ ներկայացրին «Հայոց լեզու և գրականություն» և «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողուհիներ Գոհար Վիրաբյանը և Անահիտ Մելքոնյանը:
Գնահատանքի, շնորհավորանքի և շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանը:
Շնորհանդեսն ուղեկցվեց «Պոլիսը և հայերը. անցյալն ու ներկան» թեմայով հետաքրքիր և բովանդակալից բանախոսությամբ, որի վերջում պարոն Լաճիկյանը նաև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Համալսարանականները շատ տպավորված էին Լևոն Լաճիկյանի պատկերագրքով, ինչպես նաև աշխարհի տարբեր ծագերում կազմակերպված 19 անհատական ցուցահանդեսների փաստով: Նրանք հույս հայտնեցին, որ հաջորդ՝ 20-րդ անհատական ցուցահանդեսը կանցկացվի Իջևանում: