2025 թ․ մարտին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Իջևանի համայնքապետարանը՝ որպես համահայտատուներ, դիմել էին GIZ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) «Վերականգնվող էներգիա (ՎԷ) և էներգաարդյունավետություն (ԷԱ)» ծրագրին՝ ներկայացնելով «Իջևան համայնքի կայուն էներգետիկ զարգացում» նախագիծը:
Արդեն ամփոփվել են ծրագրի արդյունքները, որոնց համաձայն՝ նախագիծը հաստատվել և հավանության է արժանացել GIZ-ի հայաստանյան գրասենյակի ՏԶՀ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն 39 900 000 ՀՀ դրամ է:
Այս ծրագրի նպատակն է բարձրացնել Իջևան համայնքի տարբեր բնակավայրերում էներգաարդյունավետության աստիճանն ու նպաստել համայնքում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համակարգային ներդրմանը: Այն միտված է լուծելու միաժամանակ երկու խնդիր՝ ենթակառուցվածքների զարգացում ու արդիականացում և համայնքի բնակչության շրջանում կարողությունների զարգացում ու իրազեկում:
Ծրագրի ենթակառուցվածքային հատվածն իրականացվելու է խոշորացված համայնքի երեք բնակավայրերում՝ Իջևանում (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում արևային պանելների տեղադրում և օդափոխության համակարգի արդիականացում), Աճարկուտում և Խաշթառակում (էներգախնայող փողոցային լուսավորության համակարգի տեղադրում):
Իրազեկման և կարողությունների զարգացման բաղադրիչն ընդգրկելու է ողջ համայնքը և նախատեսում է համայնքային ծառայողների համար էներգաարդյունավետության, կանաչ կառավարման և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ դասընթացների կազմակերպում, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ ուսանողների ներգրավմամբ նշված թեմաներով իրազեկման արշավի կազմակերպում համայնքի բոլոր բնակավայրերում:
Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են նշված բնակավայրերում էներգիայի սպառման նվազեցում, ածխածնի արտանետումների կրճատում և կայուն էներգիայի աղբյուրների զարգացում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Իջևանի համայնքապետարանը կապահովեն ՏԶՀ-ի կողմից տրամադրվող գումարի 20%-ի չափով համաֆինանսավորում: Նրանք նաև կտրամադրեն հարմարավետ տարածքներ և անհրաժեշտ սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված իրազեկման հանդիպումները կազմակերպելու համար, կապահովեն մասնագիտացված մարդկային ներուժ՝ ծրագրի գործողություններն արդյունավետ իրագործելու համար:
Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագիրն ունի համայնքային նշանակություն, ինչը ենթադրում է, որ ծրագրի արդյունքները հավասարապես օգտակար են լինելու համայնքի ողջ բնակչության համար: Ավելին՝ ծրագրի արդյունքները հանգեցնելու են համայնքային միջոցների խնայողության, ինչը հնարավորություն է տալու համայնքում հավելյալ ծրագրերի օգտագործման համար:
Ծրագիրը խթանելու է համայնքի կանաչ անցումը, կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը: Այն շրջակա միջավայրի պահպանման, տեխնոլոգիական նորարարության և որակյալ կյանքի ապահովման համակցված լուծում է: