Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը դարձել է հարթակ յուրօրինակ կրթական նախագծի համար, որը միավորել է ռուսաց լեզվի մագիստրոսներին Ռուսաստանի տարբեր ծայրերից: 2024 թ. նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը մասնաճյուղը հյուրընկալել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից Մոսկվայի պետական ​​լեզվաբանական համալսարանի աջակցությամբ կազմակերպված «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» մրցույթի երկու հաղթողների:

Մեկամսյա պրակտիկայի շրջանակներում երիտասարդ մանկավարժներ Անգելինա Սոկոլովան (Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարան) և Նատալյա Մաքսիմովան (Պիտիրիմ Սորոկինի անվան Սիկտիվկարի պետական ​​համալսարան) ոչ միայն դասավանդում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, այլև ուսանողների հետ անցկացնում են մշակութային և կրթական միջոցառումներ մարզի դպրոցներում:

Պրակտիկայի ծրագիրը ներառում է ռուսաց լեզվի և գրականության դասերի անցկացում, դասավանդման մեթոդիկայի վարպետության դասեր, ինչպես նաև գրական երեկոների կազմակերպում` նվիրված ռուս մշակույթին և լեզվի ավանդույթներին: Ա. Սոկոլովան և Ն. Մաքսիմովան իրենց հետ բերել են եզակի ուսումնական նյութեր, որոնք կօգնեն բազմազանեցնել ուսումնական գործընթացը և այն ավելի փոխներգործուն դարձնել: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու դպրոցականների և ուսանողների բանավոր խոսքի ու միջմշակութային հաղորդակցման հմտությունների զարգացմանը:

Բացի այդ՝ նախատեսված է կազմակերպել ստեղծագործական մրցույթների շարք (էսսեների մրցույթ, թատերական ներկայացումներ և վիկտորինաներ ռուս գրականության վերաբերյալ): Այդ միջոցառումները ոչ միայն կհարստացնեն ուսանողների գիտելիքները, այլև կնպաստեն ռուսաց լեզվի՝ որպես միջազգային հաղորդակցության կարևորագույն գործիքներից մեկի ուսուցման նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը:

Պրակտիկայի շրջանակներում նախատեսված են նաև տեղի մանկավարժների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մոտեցումները: Կլոր սեղանի ձևաչափով համագործակցությունը թույլ կտա կատարել փորձի փոխանակում և ներդնել ուսուցման լավագույն փորձը մարզի դպրոցներում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի խոսքով՝ մրցույթի հաղթողների այցը նշանակալից իրադարձություն է բուհի և տեղի համայնքի համար. «Այս պրակտիկան հիանալի հնարավորություն է մեր ուսանողների և դպրոցականների համար՝ հաղորդակցվելու ռուսական հարուստ մշակույթին, ուսուցիչների համար՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր ուղիներ գտնելու»: 

Պրակտիկանտների այցելությունը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ՝ ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնով, որտեղ կներկայացվեն Անգելինա Սոկոլովայի և Նատալյա Մաքսիմովայի ստեղծագործական համատեղ նախագծերը:

Ռուսաց լեզվի մագիստրոսների պրակտիկան Իջևանի կրթական միջավայրի համար դարձել է կարևոր իրադարձություն: Այն ոչ միայն օգնում է ամրապնդել բարեկամությունը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև, այլև ուսանողների համար բացում է նոր հորիզոններ՝ ոգեշնչելով նրանց խորապես ուսումնասիրել ռուսաց լեզուն և մշակույթը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: