2024 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբի բացումն էր:

Նախ կայացավ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ «Վիքիմեդիա Հայաստան»-ի աշխատակիցների և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին վիքիակումբի բացմանը վերաբերող մանրամասներ: Ներկայացվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում վիքիակումբը կհամակարգի «2023 թվականի լավագույն նորեկ վիքիխմբագիր», պ.գ.թ., դոցենտ Ն. Գրիգորյանը: 

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ վիքիակումբի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունը, վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչները, Երևանից ժամանած «Վիքիմեդիա Հայաստան»-ի աշխատակիցները:

Բացման խոսքով հանդես եկավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը: Նա ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, իրականացված միջոցառումները և նախագծերը, անդրադարձավ վիքիակումբների դերին և նպատակներին:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ-«Վիքիմեդիա Հայաստան» փոխհամագործակցության կարևորությունը, որը ոչ միայն թույլ է տալիս կրթության ոլորտում ներմուծելու ժամանակակից մոտեցումներ, հարստացնելու վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը, այլև ուսանողներին հնարավորություն է ընձեռում անցնելու մասնագիտական պրակտիկա և տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերելու գործնական հմտություններ: Պարոն Մակարյանը կարևորեց համալսարանում վիքիակումբի բացման հանգամանքը, որն առավել կսերտացնի երկկողմ համագործակցությունը՝ նպաստելով իրականացվող ազգանվեր գործին:

Ելույթ ունեցան նաև «Վիքիմեդիա Հայաստան»-ի աշխատակիցները՝ նշելով, որ վիքիակումբներում պատանիները և երիտասարդները ծանոթանում են Վիքիպեդիայում խմբագրելու և հոդվածներ ստեղծելու նրբություններին: Վիքիակումբ հաճախողները համակարգողի օգնությամբ սովորում են աշխատել հայերեն վիքիպեդիայում և մյուս քույր նախագծերում։ Համակարգողը այցելուներին սովորեցնում է խմբագրման հիմնական կանոնները, հետևում նրանց ստեղծած հոդվածներին։

Ներկայացվեց նաև, որ Իջևանի վիքիակումբը «Վիքիմեդիա Հայաստան»-ի 9-րդ ակումբն է, իսկ Տավուշում՝ 3-րդը (մյուս 2 ակումբները գործում են Կողբում և Կիրանցում), սակայն Իջևանի վիքիակումբը աշխարհում եզակի է նրանով, որ ստեղծվել է հենց համալսարանի ներսում:

Տեսանյութ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: